Հույն հրշեջներն այլ երկրների գործընկերների հետ շարունակում են պայքարել ծայրահեղ շոգից առաջացած անտառային հրդեհների դեմ, գրում է Euronews-ը:
Հունական Հռոդոսում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն իններորդ օրն անընդմեջ: Հազարավոր մարդիկ արդեն լքել են կղզին, այդ թվում՝ բազմաթիվ հանգստացողներ։ Մարդկանց տարհանում են նաև Կորֆուից և Եվբեայից։
Երեքշաբթի հրդեհը հանգցնող ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել Եվբեայում, երկու օդաչուն էլ մահացել է։ Երկրի զինված ուժերում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հունաստանի որոշ շրջաններում անոմալ շոգի պատճառով բռնկված տասնյակ հրդեհների դեմ պայքարին միացել են նաև տեղի բնակիչները:
Եվրամիությունն այդ երկիր է ուղարկել 500 հրշեջ, 100 միավոր տեխնիկա և յոթ ինքնաթիռ։ Աջակցություն են ցուցաբերում նաև Թուրքիան, Եգիպտոսը և Իսրայելը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Աթենքը չի դիմել Մոսկվային հրդեհների մարման հարցում օգնության համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն կարեկցում է հույն ժողովրդին՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակը, որը ստեղծվել է երկրում մոլեգնող լայնածավալ անտառային հրդեհների պատճառով:
Հունաստանի օդերևութաբանական կենտրոնը զգուշացրել է, որ հինգշաբթի՝ հուլիսի 27-ից, սպասվում է անոմալ շոգ օրերի հերթական շարք, ինչը կարող է առաջացնել նոր հրդեհներ: