Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:
5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:
Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ, արդեն մեկնել է մրցավայր:
Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են՝ Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր վազք), Դավիթ Սարգսյանը (200 և 400 մետր վազք), Յանա Սարգսյանը (հեռացատկ և եռացատկ), Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք) և Մարիաննա Բաղյանը (100 և 200 մետր վազք)։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 5 մարզիկ է ընդգրկված՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ), Վրեժ Գևորգյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ):
Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են՝ Աշիկ Անդրեյանը, Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Նախապատրաստվելով Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ ձյուդոիստները հուլիսի 8-20-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ:
Երկուական մարզիկ էլ ընդգրկված է հեծանվային սպորտի և սեղանի թենիսի թիմերում: Մրցավայր են մեկնել հեծանվորդներ Խաչիկ Շարյանը և Վահե Վիրաբյանը, ինչպես նաև սեղանի թենիսի ներկայացուցիչներ Ավետ Վասիլյանը և Ռիմա Խլղաթյանը:
Նշենք՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:
Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը: