19 բեռնատար բեռնում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, որ փորձեն հասցնել Լեռնային Ղարաբաղ:
60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 40 տոննա կաթի փոշի, 20 տոննա աղ, դեղորայք և կաթնախառնուրդ: Խիստ անհրաժեշտ այս մթերքը Հայաստանի կառավարությունը փորձելու է հասցնել Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցներին, որ կարողանան ապրել:
Հակարիի կամրջի հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը ամբողջությամբ դադարեցվել։ Հուլիսի 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես ահազանգեց՝ Լեռնային Ղարաբաղում վիճակը սուր է, բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ մանկական կաթնախառնուրդի պակասի։
Միրգը, բանջարեղենը, հացը գնալով նվազում ու թանկանում են, որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հատիկեղենը, ձուկը և հավը, հասանելի չեն
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ Կարմիր խաչի ավտոշարասյուները փրկօղակ են Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուեր
«Քանի որ այդ ավտոշարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ: Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենք իրենց: Հատկապես վտանգված են առողջական խնդիր ունեցողները և քրոնիկ հիվանդները, նաև տարեցները և երեխաները: Որպեսզի մենք կարողանանք գործել այնտեղ, մեզ պետք է, որ կողմերը հասնեն հումանիտար կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկելու աշխատանք է և պետք է թույլ տրվի այն շարունակել»:
ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ շաբաթներ առաջ։
«Այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի». այդ մասին էլ Սփյուռքի և արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների հետ ասուլիսին հայտարարեց ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ ակնկալում է միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով:
Արայիկ Հարությունյան, Լեռնային Ղարաբաղի նախագահ
«Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ»:
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 25-ից դադարեցվել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ բենզին ու գազ չլինելու պատճառով, օրեցօր սրվում է նաև ջրի խնդիրը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան