Ինչպե՞ս երկու տարի առաջ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանին հաջողվեց Գեղարքունիքի մարզում օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի հատված: Այս գործով մեղադրյալի աթոռին երկու բարձրաստիճան զինվորական է, որոնք խախտել են՝ հարձակումը ժամանակին հայտնաբերելու մարտական հերթապահության կրման կանոնները: Գեներալ-մայորն ու գնդապետը մեղադրանքը չեն ընդունում.
«Վերին Շորժայի հատվածում որտեղ առկա են 15 կմ միջդիրքային բաց տարածություններ, մեր յուրային ստորաբաժանումների կողմից մարտական դիրքեր չեն եղել»:
Հենց այս պատճառով է, ըստ մեղադրանքի, 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանը կարողացել օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատվածը: Խոսքը Գեղարքունիքի վրա ադրբեջանական հարձակման մասին է, որը չկանխելու համար մեղադրվողը բարձրաստիճան սպա է՝ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը: Գործով նոր մեղադրյալ էլ կա՝ զորամասի հրամանատար, գնդապետ Վիգեն Սիմոնյանը: Գործը քննող քննիչի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո` նոյեմբերին, 2-րդ բանակային կորպուսը բնագիծ է զբաղեցրել Գեղարքունիքի շփման գծի ամբողջ երկայնքով:
Աշոտ Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ քննիչ) - Այնքան մարտական դիրքեր ենք տեղակայել, որի արդյունքում կարողացել ենք վերահսկել հակառակորդի մարտական դիրքերը, հակառակորդի շարժը, ինչպես նաև վերահսկել ենք հակառակորդի թիկունքը, սակայն դեկտեմբեր ամսվա վերջին բանակային կորպուսի հրամանատարի գրավոր հրամանով նշված մարտական դիրքերի մեծ քանակությունը հանվել է, և շատ քիչ քանակությամբ մարտական դիրքեր են մնացել և վերահսկել շփման գիծը:
Բայց, ըստ քննիչի, յուրային ստորաբաժանումները չեն վերահսկել հակառակորդի մարտական դիրքերը:
Աշոտ Վարդանյան - Նշված ժամանակահատվածում հակառակորդը տեղադրել է մոտ 20 մարտական դիրք, ինչի հանգամանքի մասին տեղյակ են եղել զորամասի վերադաս հրամանատարությունը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը, քանի որ օպերատիվ-հետախուզական տեղեկագրերի համաձայն՝ ամբողջությամբ զեկուցվել է հակառակորդի շարժի մասին:
Արդյունքում` նախապես ծրագրված և պլանավորված ագրեսիայի ակտ է իրականացվել Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա, Նորաբակ բնակավայրերի և Կութ բնակավայրերին հարող հայ-ադրբեջանական շփման գծի` համապատասխանաբար 15, 7 և 4 կմ տարածքների սահմանագծի ուղղությամբ:
Աշոտ Վարդանյան - Հակառակորդը անարգել, առանց որևէ դիմադրության հանդիպելու, հատել է շփման գիծը, ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, ինչի արդյունքում նույնիսկ բանակային կորպուսի զինծառայողները տեղյակ չեն եղել, այլ տվյալ տարածքում հովիվն է զանգել 1-02 և տեղեկացրել նշված դեպքի մասին:
Հովիվի ահազանգից հետո թեև համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել` հակառակորդի առաջխաղացումը կանխելու համար, սակայն ապարդյուն, հակառակորդը զբաղեցրել է գերիշխող տարածք և մարտական հերթապահությունն իրականացրել արդեն Հայաստանի սուվերեն տարածքում: Ըստ մեղադրանքի՝ Արայիկ Հարությունյանը ապրիլին՝ մինչև ադրբեջանական ներխուժումը, հրամայել է ժամանակին հանված ժամանակավոր չպահվող մարտական դիրքերը վերաբացել և իրականացնել մարտական հերթապահություն:
Աշոտ Վարդանյան - Սակայն նշված հրամանը ընդհանրապես չի կատարվում զորամասի հրամանատարի կողմից, ինչպես նաև որևէ վերահսկողություն չի իրականացվում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից` իր տված հրամանը չկատարելու:
Ըստ քննիչի՝ եթե կատարվեին հրամանի բոլոր պահանջները, հնարավոր կիներ խուսափել հակառակորդի ներխուժումից:
Աշոտ Վարդանյան - Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են մեծածավալ առգրավումներ, մեծածավալ գաղտնի փաստաթղթերի զննություններ, որոնցով հիմնավորվել է Արայիկ Հարությունյանի և Վիգեն Սիմոնյան կողմից կատարված հանցանքը:
Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն ու գնդապետ Վիգեն Սիմոնյանը խախտել են ՀՀ վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու, մարտական հերթապահության կրման կանոնները: 2-ն էլ կալանավորված են: Գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Մեղադրյալներն, ըստ պաշտապանների, մեղադրանքը չեն ընդունում և անհիմն են որակում: Պաշտպաններն ասացին՝ մեղադրանքի հիմնավորումներին կանդրադառնան դատական նիստերից հետո: 2021-ի մայիսյան ներխուժումից ավելի քան 2 տարի անց ադրբեջանցիները մնացել են նույն դիրքերում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան