Տարվա առաջին կեսն ամփոփվեց տնտեսական ակտիվության երկնիշ աճով: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշի հունվար-հունիսի տվյալները, այն աճել է 11.4 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 72.9 տոկոս, արտահանումն աճել է 72.8, իսկ ներմուծումը՝ 73 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 23.6, շինարարության ծավալը՝ 17, ծառայությունների ծավալը աճել է 16.8, գյուղատնտեսությունը` 2, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով: Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը` 2.7 տոկոս: Սպառողական գնաճը կազմել է 4.2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 1 տոկոսով:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ներկա աճը, որը արդեն մարտ ամսից կա, նախորդ տարվա բարձր աճի վրա արձանագրվող աճն է, և եթե 6 ամսվա կտրվածքով նայենք, ապա ստացվում է, որ 6 ամսվա ուղիղ կեսը նախորդ տարվա բարձր տնտեսական աճի վրա արձանագրված աճն է, և փաստացի այս իրավիճակում մենք ունենք երկնիշ՝ 11.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ, և այդ աճն, ըստ էության, մեր թիրախից բարձր է, և Հայաստանը գտնվում է տնտեսական զարգացման բումի մեջ:
Տնտեսագետների գնահատմամբ՝ կան ոլորտներ, որտեղ բարձր աճը պայմանավորված է ներքին պահանջարկով, օրինակ` շինարարությունը, սակայն առևտրի և ծառայությունների աճը, Գագիկ Մակարյանի կարծիքով, օտարերկրացիների հոսքով է պայմանավորված:
Գագիկ Մակարյան (Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ) - Առևտուրը և ծառայությունները աճել են, բնականաբար, այդպես էլ պիտի լիներ, որովհետև իրենք բավականին լավ օգտվում են հանրային սննդի և այլ` արվեստի, մշակույթի հետ կապված, տաքսի և այլ ծառայություններից... երկրորդը՝ առևտուրն աճել է, որովհետև ընդհանուր նաև տուրիզմի քանակն է ավելացել:
Գևորգ Պապոյանը բարձր աճը պայմանավորում է իշխանության վարած տնտեսական քաղաքականությամբ:
Գևորգ Պապոյան - Հիմա կարող են ինձ հակադարձել, ասել, որ դրա պատճառներից մեկն այն է, որ, օրինակ, ռելոկանտներ են եկել այլ երկրներից, բայց, ներողություն, ռելոկանտները այլ երկրներ գնալու հնարավորություն էլ են ունեցել, և կոնկրետ այդ ռելոկանտները ինչ-որ պատճառներով՝ հաճախ նաև տնտեսական ազատության, ժողովրդավարության պատճառով, ընտրել են Հայաստանը, և այս առումով կարծում եմ, որ պետության տնտեսական քաղաքականությունն է պատճառը, որ այդ մարդիկ էստեղ են, և այդ մարդիկ շարունակում են մնալ էստեղ, որի հետևանքով Հայաստանում արդեն 2-րդ տարին է` շարունակվում է երկնիշ տնտեսական աճի տեմպը:
Ընդհանուր առմամբ երկրում բիզնես միջավայրը նպաստավոր է, արձանագրում է Գագիկ Մակարյանը. հարկային մարմինները չեն հետապնդում գործարարներին: Սակայն մակրոտնտեսական ցուցանիշներում արդյունաբերության տվյալները բավարար չեն:
Գագիկ Մակարյան - Տնտեսության իրական վիճակն արտահայտում է արդյունաբերությունը, որը մի տոկոս է, նախորդ ժամանակներում էլ էր շատ փոքր թիվ, տարեկան կտրվածքով արդյունաբերությունը մեզ մոտ միշտ կազմել է շատ փոքր ցուցանիշ, դա ցույց է տալիս, որ իրական տնտեսությունը դեռևս մնում է այն պահանջարկի մեջ, որը կար:
Գևորգ Պապոյան - Արդյունաբերության մասով, իհարկե, խնդիրներ կան, և դրանց մի մասն էլ կապված է նաև փոխարժեքի թուլացման հետ. Ռուսաստանում, գիտեք, փոխարժեքն էականորեն թուլացել է, և մեր ապրանքները որոշակի մրցունակության խնդիրներ ունեն, կառավարությունը որոշակի քայլեր է մտածում այդ ուղղությամբ, որպեսզի աջակցի մեր արդյունաբերությանը, և այս առումով աշխատելու տեղ կա:
Պատգամավորը վստահ է՝ 7 տոկոս տնտեսական աճի թիրախը շատ հեշտ հաղթահարելի է, և ամեն ինչ անում են, որ այս տարի ևս երկնիշ տնտեսական աճի տեմպը պահպանվի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան