Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ ուղարկելուց առաջ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները եղել են արտգործնախարարությունում: Նրանց ներկայացվել են ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի ադրբեջանական արգելափակման հումանիտար հետևանքները, ավելի ուշ նաև՝ նրանք ծանոթացել են հումանիտար շարասյան բեռներին՝ առաջին անհրաժեշտության շուրջ 360 տոննա ապրանքատեսակ, 200 անվանում դեղամիջոց և բժշկական պարագաներ: Հայաստանի հումանիտար ակցիային արձագանքել է Բաքուն՝ այն որակելով սադրանք: Հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ բեռներն ուղարկելու համար: Հումանիտար ճգնաժամի կառավարման մեր աշխատանքային խմբում հույս ունեն, որ խնդիր չի առաջանա:
Սնունդ կյանքի համար: Ուղղությունը՝ Լեռնային Ղարաբաղ: Այս գրությամբ 19 բեռնատար արտաքին գործերի նախարարության շենքի հարակից հատվածում վաղ առավոտից սպասում էին ճանապարհ ընկնելուն:
Իսկ ԱԳՆ-ի մուտքի մոտ դիվանագիտական ներկայացուցիչների մեքենաներն էին կայանում: ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում հավատարմագրված ավելի քան 45 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ ժամանում էին նախարարություն:
Արդեն 40 օր լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը ներկայացրին արտգործնախարարության, առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները լսեցին, արձագանքեցիմ, պարզաբանումներ ստացան, կատարեցին գրառումներ:
Միջազգային հանրության հստակ ազդակն է անհրաժեշտ՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ: Սա հանդիպման կարևոր շեշտադրումն էր:
ՍՆՈՒՆԴ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ. ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՂ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաներին նաև տեղեկացրեց՝ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խումբը որոշել է Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների շուրջ 360 տոննա խմբաքանակ: Այդ խմբաքանակին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները տեղում ծանոթացան:
Սովամահությունից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փրկելու այս քայլն Ադրբեջանում արդեն սադրանք են որակել, հայտարարություն տարածել, թե հայկական կողմին կոչ են անում ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք ծառայում են իրավիճակի սրմանը, հայտարարել, որ նման սադրիչ գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա: Բաքվին արձագանքեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչը:
Վարդան Սարգսյան (ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ) - Չեմ կարծում, որ ԼՂ-ում արդեն սովի և հումանիտար այս ծանր ճգնաժամի պայմաններում հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխումը կարելի է սադրանք որակել:
Դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին՝ այն ԼՂ ուղարկելու համար:
Հուսանք խնդիր չի առաջանա:
Հայկական բեռնատարները հասնելու են մինչև Կոռնիձոր, իսկ այնտեղից արդեն հումանիտար բեռը նախատեսվում է տեղափոխել ռուս խաղաղապահների միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը ներկայացրեց բեռնատարների պարունակությունը:
Աննա Ժամակոչյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ըստ այդմ՝ 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:
200 ԱՆՈՒՆ ԴԵՂԱՄԻՋՈՑ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Առողջապահության նախարարությունից տեղեկացրին՝ մոտ 200 անուն դեղամիջոցի և բժշկական պարագաների մասին է խոսքը:
Տոտալ առողջապահական ճգնաժամ է Լեռնային Ղարաբաղում՝ բեռնատարներին ուղեկցող առողջապահության նախարարի տեղակալը մանրամասնեց, նշեց՝ դեղերի այս խմբաքանակն այդ ճգնաժամը լուծել չի կարողանա, բայց որոշակիորեն կմեղմի իրավիճակը: Չնայած այս 2 օրերին Կարմիր խաչի միջոցով 30 հիվանդ է տեղափոխվել Հայաստան, բայց տեղափոխումը խիստ ուշացած է, շատերի դեպքում էլ ծայրահեղ ծանր վիճակում սպասում են տեղափոխվելու հնարավորությանը:
Արմեն Նազարյան (առողջապահության նախարարի տեղակալ) - Ծանր հիվանդների մեջ կան և՛ տարեցներ, և՛ երեխաներ, և՛ քրոնիկ հիվանդներ, ուռուցքային հիվանդներ, որոնք իրենց հերթական ստուգմանը չեն կարող գալ: Մենք խնդիրներ ունենք շտապօգնության աշխատանքի, քանի որ վառելիքի պատճառով չեն աշխատում:
Լեռնային Ղարաբաղ գործընկերների հետ են ճշտել պարենի և դեղորայքի անհրաժեշտ տեսակները, գնումը, պահեստավորումն ու առաքումը կազմակերպվել է մեկ օրվա ընթացքում:
Աննա Ժամակոչյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ինչպես տեսնում եք, սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Ընդհանուր առմամբ, իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է: Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ:
227 օր շրջափակված ԼՂ-ում հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ ադրբեջանցիները թույլ չեն տվել, որ անցնի: