ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մեկնաբանել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի պաշտոնանկության մասին հայտարարությունը։
«Դա Չինաստանի ինքնիշխան գործն է՝ որոշել, թե ով է լինելու իր արտաքին գործերի նախարարը»,- ասել է նա լրագրողներին Տոնգայի Թագավորություն կատարած այցի ժամանակ։
Պետքարտուղարը նշել է, որ Ցին Գանի հետ ծանոթ է եղել Վաշինգտոնում դեսպան եղած ժամանակ և «կառուցողական զրույցներ» է ունեցել նրա հետ՝ որպես արտաքին գործերի նախարար:
Բլինքենը հավելել է, որ ավելի քան մեկ տասնամյակ ճանաչում է Վան Իին, որը նախկինում նույնպես ղեկավարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կարծում եմ, որ կարող եմ լավ աշխատել նրա հետ, ինչպես նախկինում»,- ասել է պետքարտուղարը:
Ինչպես հաղորդվել Էր, Ցին Գանը ՉԺՀ-ի ԱԳ նախարարի պաշտոնից հեռացվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվել է ՉԿԿ արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին:
Վերջին շաբաթների ընթացքում Ցին Գանը հանրության առաջ չէր երևացել։ Մասնավորապես, հուլիսի սկզբին նա չէր կարողացել մասնակցել Ջակարտայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին։ Այդ ժամանակ Չինաստանի ԱԳՆ-ն դա բացատրել էր նախարարի առողջական վիճակով։ Գագաթնաժողովում չինական կողմը ներկայացրել էր Վան Ին։