Ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների ակտիվացմանն ուղղված Մոսկվայի ջանքերի մասին հարցին:
«Մենք անում ենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ։ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կարևոր է դրական մթնոլորտ ձևավորել Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական հանրությունների, հոգևոր առաջնորդների միջև՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար, երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով: Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, մենք դա շատ լավ տեսնում ու հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի:
Դրա հետ կապված հարցերը քննարկվել են, մասնավորապես, երեկ՝ Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ։ Ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին դարձյալ շփումներ կլինեն»։