400 տոննա կշռով հումանիտար բեռի մեջ, որն այս պահին ուղարկվում է դեպի Կոռնիձորի սահմանային հատված, կան շուրջ 200 անվանում դեղորայք և բժշկական նշանակության այլ միջոցներ: Այդ մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
«Դրանք հիմնականում խիստ անհրաժեշտ դեղորայք են՝ հակաճնշումային դեղորայք, հակացնցումային դեղորայք, հոգեմետ դեղեր, անզգայացնող նյութեր, ունենք նաև հակաուռուցքային դեղեր:
Հաշվի առնելով, որ երկար ժամանակ ԼՂ դեղի մատակարարումն ընդհատված է եղել, ունենք մի շարք քրոնիկական հիվանդներ: Այդ քրոնիկական հիվանդների առաջնահերթ դեղերն ենք փորձում ապահովել այս հումանիտար աջակցությամբ»,- ասաց Նազարյանը:
Ըստ նրա՝ այս կերպ ամենևին չի լուծվի առողջապահական հումանիտար ճգնաժամը, որը ներկա պահին կա ԼՂ-ում:
«Մենք հիվանդանոցներում ունենք տասնյակ հիվանդներ, որոնք խիստ տեղափոխման կարիք ունեն դեպի երևանյան նեղ մասնագիտացված կլինիկաներ: Մենք խնդիր ունենք շտապօգնության աշխատանքի, քանի որ վառելիքի պակասի պատճառով շտապօգնության մեքենաներն են սկսել չաշխատել: Մի խոսքով՝ մենք ունենք տոտալ առողջապահական ճգնաժամ, որը պետք է փորձենք ամեն գնով հանգուցալուծել, և այս դեղորայքի մատակարարումը որոշակիորեն թոթափելու է առողջապահական բեռը ԼՂ-ում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԼՂ-ում գտնվող առողջական խնդիրներ ունեցողներին՝ ծանր հիվանդներին, Արմեն Նազարյանն ասաց, որ նրանց թվում կան և՛ մանկահասակ երեխաներ, և՛ տարեցներ, և՛ քրոնիկական հիվանդներ, որոնք իրենց հերթական բուժօգնությունը պետք է ստանային նեղ մասնագիտական կլինիկաներում. խոսքը վերաբերում է ուռուցքային հիվանդություններին:
«Վերջին 2 օրվա ընթացքում Կարմիր Խաչի աջակցությամբ ունեցել ենք շուրջ 3 տասնյակ պացիենտների տեղափոխություն, բայց դա խնդիրը ամենևին չի թեթևացրել: Պետք է ասեմ, որ այդ պացիենտների տեղափոխությունը եղել է խիստ ուշացված: Եվ իրենց հերթական բուժօգնությունը, ինչի նպատակով տեղափոխվում էին, արդեն ուշացած էին, ինչն արդեն բերում է բուժման անարդյունավետության»,- ասաց նա:
Խնդիր կա նաև Հայաստանում բուժում ստացած և արդեն ԼՂ վերադառնալու ենթակա քաղաքացիների տեղափոխման հետ: Մնացած պացիենտների համարժեք բուժօգնությունը շարունակվում է:
«Վստահ ենք, որ բոլորը գտնվում են լավ ձեռքերում և բոլորը ստանում են արդյունավետ բուժում»,- ասաց նա, ապա հավելեց, որ քրոնիկական հիվանդություններ ունեցողների դեպքում պետք է ԿԽՄԿ-ն ակտիվ գործի. «Մենք վստահ ենք, որ պետք է Կարմիր խաչն ավելի ակտիվացնի նրանց տեղափոխումը դեպի երևանյան կլինիկաներ»: