Այն, որ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ է, բայց խաղաղության պայմանագրի բացակայությունը, որ կրկնապատկում է (եթե ավելի չասենք) պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ: Այդ մասին հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այլևս պատերազմ չի՞ լինի, եթե լինի խաղաղության պայմանագիր:
«Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, և կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց: Եվ նման իրավիճակներ, իրադրություններ պատմության մեջ եղել են: Նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք՝ հո մենք չե՞նք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որ վերևը գրված է «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրել: Բա դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ապահովի խաղաղություն կամ խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա: Հակառակ դեպքում, եթե, օրինակ, մենք այն տրամաբանությամբ առաջնորդվեինք, վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու:
Իսկ ինչքանո՞վ է ապահովվելու խաղաղություն, կամ ինչքա՞ն երկարաժամկետ է ապահովվելու խաղաղություն: Եթե նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը պայմաններ է ստեղծելու, որ 1-2 տարի խաղաղություն լինի, դա էլ ճիշտ տարբերակ չէ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ ոչ միայն հենց բուն պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը և իրականացման մեխանիզմներն ունենում են տարընթերցումներ:
«Եթե կողմերից մեկը անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ագրեսիվ հռետորաբանությամբ, անընդհատ ագրեսիվ և ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ, որովհետև այդ ատելության մթնոլորտում պայմանագիրը կարող է ուղղակի չգործել»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ այս համատեքստում պետք է կենտրոնանալ Հայաստանի տարածաշրջանային հարաբերությունների վրա:
«Այն, որ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ է, բայց խաղաղության պայմանագրի բացակայությունը, որ կրկնապատկում է (եթե ավելի չասենք) պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ եթե հանկարծ ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, մեծ էսկալացիա, որո՞նք կլինեն ՀՀ-ի գործողությունները, արդյոք ՀՀ-ն ռազմական միջամտություն կունենա՞, թե՞ դիվանագիտական աշխատանքով կսահմանափակվի, Փաշինյանն ասաց, որ չի ուզում նման սցենար քննարկել. «Իմ կարծիքն այն է, որ ԼՂ-ում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն: Իմ այսօրվա ասելիքի հիմնական ուղերձը դա էր»: