Բոլորի ընկալումն այն է, որ մենք ապրում ենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում: Եկեք քարտեզ նայենք. մենք ապրում ենք Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արանքում: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տարբերություններ կան Վաշինգտոնի և Մոսկվայի առաջարկների միջև:
«Մեր ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ ասում ենք՝ մենք գտնվում ենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում: Էս ասածը ո՛չ լավ է, ո՛չ վատ է: Սա մի բան է նշանակում. մենք նույնիսկ գլխի չենք՝ մենք որտեղ ենք: Հետևաբար եթե գլխի չենք՝ որտեղ ենք, մենք ո՞նց ենք մեր հարցերը լուծելու:
Մենք, այո՛, մեր լրահոսը որ նայում ենք, կամ մեր վերլուծությունները շատ դեպքերում նայում ենք, նման տպավորություն կարող է լինել, որ աշխարհում 3 երկիր կա՝ Ռուսաստանը, Ամերիկան ու Հայաստանը. «Մենք ենք մեր սարեր»-ի տրամաբանությունն է…»,- ասաց Փաշինյանը՝ առաջարկելով դուրս գալ այդ տրամաբանությունից:
Վարչապետը նաև նկատեց, որ վերջին 30 տարվա ընթացքում բոլոր առիթներին խաղաղության կենացն է հնչել, բայց այդպես էլ չենք հասկացել, թե դա ինչ է:
«Քննիչ հանձնաժողովում իմ ելույթն ինչի՞ մասին էր. որ ՀՀ-ն, ՀՀ կառավարությունը ԼՂ-ի հարցում վարել է ֆեյք քաղաքականություն: Այն նպատակները, որ հայտարարված են եղել, այդ նպատակները հենց առաջին օրից եղել են անհասանելի և անիրագործելի: Հենց առաջին օրից»,- ասաց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ առաջին օրը նկատի ուներ Լիսաբոնի գագաթնաժողովը:
Վերադառնալով բանակցությունների թեմային՝ Փաշինյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ը ևս մեծ ջանքեր է գործադրում խաղաղության պայմանագիրը հնարավոր դարձնելու գործում: «Ռուսաստանի բանակցային ակտիվությունը, այո՛, որոշակիորեն նվազել է, և նվազել է ոչ թե նրա համար, որ իրենք չեն ուզում հարցի կարգավորում, այլ՝ Ուկրաինայի իրադարձոթյունների հետ կապված: Պարզ է, չէ՞, որ ամբողջ ժամանակը և էներգիան, որը ենթադրվում էր, որ այլ պայմաններում կներդնեին, հիմա չեն ներդնի:
Եթե, օրինակ, հաշվենք՝ վերջին տարիներին որտեղ եմ ավելի շատ հանդիպումներ ունեցել, կամ որ հարթակներում ենք բանակցել, միանշանակ, Արևմտյան հարթակները կգերակշռեն, բայց դրանից չէ, որ ուզեցել ենք, որ Ռուսաստանը դուրս մղվի, կամ Արևմուտքը դուրս մղվի, էլի եմ ասում՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով:
Ռուսաստանի բանակցային նախաձեռնողականությունը և ակտիվությունը որոշակիորեն նվազում են, բայց մեզ պետք էր բանակցություն, և պետք է բանակցություն: Մենք ուզում ենք արդյունք արձանագրել»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ ընթացիկ իրավիճակի հետ կապված՝ Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցում է տեղի ունենում, նկատելի են ներդաշնակեցման միտումներ: