Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաշկանդվածություն չունի Արցախի հարցով նույն սեղանի շուրջ նստել ՀՀ նախկին նախագահների հետ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«2020 թվականի պատերազմի ընթացքում նման նախաձեռնություն եղել է ԼՂ պաշտոնաթող նախագահների կողմից, և ես այդ նախաձեռնությունն ընդունել եմ, բայց հետագայում նրանք հրաժարվել են այդ նախաձեռնությունից: Շատ մանրամասներ չգիտեմ, թե ով ինչու է հրաժարվել, բայց ես գիտեմ, որ այդ պատրաստակամությունը ունեցել եմ։ Եթե նոր նախաձեռնություն լինի, դրա նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը դիմել էր իրեն՝ ակնկալելով հնարավորություն՝ բեկում մտցնելու Ադրբեջանի հետ բանակցություններում՝ Փաշինյանն ասաց, թե այդպիսի հայտարարություններ կարող են անել ՀՀ նախկին ԱԳ բոլոր նախարարները:
«Եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանը իր պաշտոնավարման ընթացքում կարող էր բեկում մտցնել ու բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ուշադիր հետևել է Օսկանյանի բոլոր հայտարարություններին ու որևէ օգտակար բան չի տեսել դրանցում: