Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ռուսական կողմի հրավերով այսօր Մոսկվայում էին: Նախքան եռակողմ հանդիպման մեկնարկը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նրանց հետ առանձին հանդիպումներ է անցկացրել:
Միրզոյան-Լավրով հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացմանը, սննդի և դեղորայքի բացակայությանը: Ընդգծվել է հստակ քայլերի դիմելու հրատապությունը։
Սերգեյ Լավրովը վստահեցրել է՝ Մոսկվան հատուկ ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Նա ընդգծել է՝ ցանկանում են օգնել լուծել սուր հումանիտար խնդիրները, շեշտելով` ռուսական խաղաղապահ զորակազմն ունի անհրաժեշտ բոլոր հնարավորությունները։
Լավրովը նկատել է, սակայն, որ առանց կողմերի համագործակցության՝ հեշտ չէ դա անել:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Մենք առավելագույնս կառուցողական ենք տրամադրված բանակցային գործընթացում, տրամադրված ենք լուծումներ գտնելու, որոնք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովեն: Ցավոք, Ադրբեջանը՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, արգելափակված է պահում Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում իրական հումանիտար ճգնաժամ է, ինչը 21-րդ դարում դժվար էր պատկերացնել: Հուսով եմ` եռակողմ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի լուծումներ գտնել:
Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը կրկին շեշտել է, որ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունության հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է։ Լավրովի խոսքով ՝ մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում քննարկման համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին, այդ թվում՝ հարթակ տրամադրելով դրա ստորագրման համար։
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված այլ հարցեր կան, որոնք արժանի են ուշադրության, մասնավորապես` հումանիտար իրավիճակը:
«Մենք գնահատում ենք, որ Բաքուն հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- նշել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Երկկողմ հանդիպումներին հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջաի արտգործնախարարաների եռակողմ հանդիպումը: Մինչև երկրների գլխավոր դիվանագետները հանդես կգային ներածական կարճ ելույթով, ՌԴ արտգործնախարարի օգնականը շտապել է հուշել Սերգել Լավրովին. «նրանց դուր չի գա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը, ինչից հետո Լավրովն արագորեն անջատել է միացված խոսափողն ու իր ելույթի ընթացքում այդպես էլ չի օգտագործել այդ տերմինը։
Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ, ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։
Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար) - Այսօրվա հանդիպման ժամանակ կցանկանայի լսել կարծիքներ, թե այժմ որ կետում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել համաձայնեցնել այն՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժը և մեր լավ հարաբերությունները ձեզ հետ։
Բայրամովը նկատել է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է, սակայն բանակցությունների արդյունքները, նրա ձևակերպմամբ, զիջում են գործընթացի դինամիկային։
Հայաստանի արտգործնախարարը ևս հայտարարել է, որ որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, իսկ որոշ հարցերի հետ կապված փոխհամաձայնության հեռանկարներն ուրվագծվում են: Միրզոյանի խոսքով` կան նաև խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից։ Իր խոսքում Հայաստանի գլխավոր դիվանագետը ևս մեկ անգամ շեշտել է՝ Երևանը կառուցողական է տրամադրված և բանակցություններ է վարում բոլոր հարթություններում և բոլոր ուղղություններով։
Արարատ Միրզոյան - Ցավոք, իրավիճակը տեղում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը։ Լեռնային Ղարաբաղում այժմ լրջագույն մարդասիրական ճգնաժամ է։ Իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետին: Իրավիճակը ժամ առ ժամ ավելի է սրվում: Լեռնային Ղարաբաղ չի հասնում ո՛չ սննդամթերք, ո՛չ դեղորայք, խափանված է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։ Եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ապա տեղում մարդասիրական աղետը իր բացասական ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա:
Միրզոյանն իր խոսքն ավարտել է` վստահեցնելով, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված և կշարունակի բանակցությունները: