Վերջերս հարցազրույցում էլ անդրադարձել եմ, որ իսկապես միշտ չէ, որ լավ և ազնիվ ռեժիմ է, որ ինչ-որ մի իրավիճակ ունենք ու ասում ենք՝ Մոսկվա՝ տես ինչ ես անում, կամ Վաշինգտոն, կամ Բրյուսել: Ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԼՂ ժողովրդի ճակատագիրը երրորդ երկրների վրա չտեղափոխելու կոչերի վերաբերյալ հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ մենք ի՞նչ ենք անում, իսկ Ստեփանակերտն ի՞նչ է անում. սրա մասին է խոսքը: Մոսկվայի դիրքորոշման մեջ էլ կան, իհարկե, շատ ազնիվ շեշտադրումներ: Եվ այդ շեշտադրումներից շատերը որ դիվանագիտական լեզվից թարգմանենք, այսպես է հնչում. լավ, դուք 30 տարի է՝ անկախ պետություն եք, ինչքան եք դուք ցանկացած, ինչ պրոբլեմ լինի՝ զանգելու Մոսկվա կամ նամակ գրեք Մոսկվա, և նոր հիշեցի՝ տենց ժանր ունեինք, չէ՞, մենք՝ «Նամակ ռուսաց թագավորին». մինչև ե՞րբ ենք այդ ժանրի մեջ ապրելու: Ընդ որում՝ այդ ժանրի հիմնադրման գործում ԼՂ մեր հայրենակիցները շատ էական դերակատարում ունեն, բայց ոչ միայն նրանք: Լավ, այսօր չե՞նք տեսնում ինչ խնդիրներ կան, բա Մոսկվայի խնդիրներն ո՞վ լուծի: Բոլորն էլ խնդիրներ ունեն: Դա չի նշանակում, որ մարդիկ չեն ուզում ինչ-որ հարցեր լուծել. դա նշանակում է, որ իրենք էլ հարցեր ունեն, որոնք չեն կարողանում լուծել. իրենց հարցերը և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում: Վերջերս «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում ես այդ դիտանկյունին անդրադարձա: Մենք, որպես անկախ պետություն, շատ կարևոր հասունացման հաջորդ քայլը պետք է անենք՝ հասկանալով որ մեր խնդիրների լուծողն առաջին հերթին մենք ենք: Այդ է պատճառը, որ ես ասել եմ, որ համաձայնվել եմ պայմանավորվածությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են 29 800 և 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ, որ այս ուղղությամբ զարգացումը, որը, իմիջիայլոց, չի երաշխավորում հաջողություն, ՀՀ հասունացման հաջորդ աստիճան մտնելու շատ կարևոր քայլ է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մենք չենք կարող մեր առանձին մոլորակի վրա ապրելու տեսիլք ստեղծել:
«Ես նաև առիթ եմ ունեցել ասելու, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ միջազգային հանրությունը ուզում է ԼՂ հարցի այս կամ այն լուծումը: Ոչ, միջազգային հանրությունն ուզում է ԼՂ հարցի ցանկացած լուծում: Իրենց համար էլ է պրոբլեմ, որ անընդհատ Մոսկվան լուծի, Վաշինգտոնը լուծի, Բրյուսելը լուծի: Իրենք էլ մեզ են ասում՝ գուցե դուք էլ բավարար ջանքեր գործադրեք լուծելու համար, և ճիշտ են ասում. այլ բան, որ մենք ասում ենք՝ Մոսկվա, լուծի, կամ Բրյուսել, կամ Վաշինգտոն, լուծի: Մեզ թվում է, որ հիմա իրենք բերելու են մեր երազանքների լուծումը և ասեն՝ հուլիսի 25-ի առիթով ուզում ենք ձեզ այդպիսի նվեր անել: Ոչ, չի լինելու այդպիսի բան, որովհետև Հայաստանը և ԼՂ-ն առանձին մոլորակ չեն. Ադրբեջանն էլ կա, մյուս տարածաշրջանային գործոնները կան, գլոբալ շահեր կան, և մեզ պետք է տեղավորվել այդ շահերի տրամաբանության մեջ մեր շահերով, ոչ թե մեր շահերով հակադրվել այդ բոլոր շահերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: