ՀՀ-ի խնդիրը ՀՀ տարածքային անվտանգության ամբողջականությունը պաշտպանելն է, և մենք մնալու ենք այս տրամաբանությամբ մեջ: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԶՈՒ-ն պատրա՞ստ է հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել ԼՂ բնակիչների անվտանգությունը:
«ԼՂ-ի անվտանգությունը ապահովելու համար կա ՊԲ: Բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունն ապահովելու [համար] պետք է դիվանագիտական ճանապարհներ օգտագործվեն, բանակցային ճանապարհներ օգտագործվեն:
Եվ ասեմ ավելին՝ ԼՂ ՊԲ ունենալն ինքնանպատակ չէ: Այսինքն՝ ինչո՞ւ կա ԼՂ ՊԲ-ն, որովհետև Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ սպառնալից քաղաքականություն է իրականացնում ԼՂ-ի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ բնակիչների անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի մի ձևով, որը վստահելի կթվա ԼՂ բնակչության համար:
Լրագրողը ճշտեց՝ կարո՞ղ է ենթադրել, որ ՀՀ ԶՈՒ-ն չի միջամտելու հնարավոր պատերազմին, Փաշինյանը ընդգծեց՝ ՀՀ ԶՈՒ-ի գործառույթը ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելն է: Լրագրողը հիշեցրեց, որ այդ Սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազմն էլ կար, բայց ՀՀ ԶՈՒ-ն մասնակցում էր ԼՂ բնակիչների անվտանգությանը:
«Մենք նոր պատերազմ չենք ուզում, և ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ: Պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ գործընթացի միջոցով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ Իրանի, Փաշինյանն արձագանքեց, որ ՀՀ տարածքում որևէ միջանցք չի կարող գործել:
«ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, որը, ինչպես վերջին բրյուսելյան հանդիպմանը հետևած հայտարարության մեջ նշվում է, պետք է գործի տարածքային ամբողջականության, ինքնիշանության և իրավազորության շրջանակներում»,- ասաց նա: