Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խոր և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։ Այդ մասին ասված է ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հետևաբար, եթե նպաստը ստանում էիք «Հայփոստի» որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել 114 կարճ համարով կամ մոտենալ Ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեսնել, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ նպաստը վճարող բանկը փոխելու համար։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի սպասարկման կենտրոն»,- նշված է գրառման մեջ։