«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ իրենց նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը և կարող են բաժանվել թեմատիկ չորս խմբի՝ նյութական ժառանգություն, ոչ նյութական ժառանգություն, բնության ժառանգություն, թվայնացված ժառանգություն։
Ծրագիրն ունի մրցութային բնույթ և դիմողներին հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում հանրահռչակել իրենց պատմությունները ողջ Եվրոպայում՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքէջի և գրքույկների տպագրության միջոցով։
Մրցույթին ներկայացվում են Եվրոպայի շուրջ 50 երկրի պատմություններ։ Այս տարի Հայաստանից ներկայացվել է շուրջ 10 պատմություն։ Առաջին անգամ Հայաստանից ներկայացված պատմությունը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Հեքիաթի դեսպանները» կրթական ծրագիրը, հաղթողների շարքում է, որը կստանա 10 000 եվրո դրամաշնորհ՝ կրթական ծրագրի զարգացման համար։
Տեղեկացնենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ժառանգության պահպանմանն ու մշակութային փոխըմբռնմանը նպաստող նախաձեռնությունների շրջանակում «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը հրավիրում է տարբեր մշակույթների մարդկանց՝ այցելել և հեքիաթ պատմել իրենց մայրենի լեզվով:
Այլ երկրներից հաղթող պատմությունների մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/mvct7wyt: