Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ-ի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ: Այդ մասին հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերության լրագրող Մուշեղ Իսախանյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից ԼՂ հարցն ընդհանրապես դուրս գա, կամ հակառակը տեղի ունենա, այն է՝ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի:
Լրագրողը նաև ընդգծեց, թե ԼՂ իշխանությունը քննադատում է ՀՀ-ի քաղաքականությունը՝ կապված Հայաստանի ապագայի հետ՝ նշելով, որ Հայաստանի կատարած ցանկացած զիջողական քայլ առ ոչինչ է իրենց համար, թեև միաժամանակ փաստում են, որ Ստեփանակերտը ևս չի կարող բանակցել Բաքվի հետ, երբ միաժամանակ վարվում է էթնիկ զտումների քաղաքականություն:
«Մեր կարծիքը հետևյալն է, որ ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել այն տրամաբանությամբ, որ ԼՂ-ի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, խոսակցության, երկխոսության կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով` միջազգային մեխանիզմի շրջանակներում: Եվ կարծում եմ, որ ԼՂ-ի ներկայացուցիչները, ժողովուրդը, Կառավարությունը այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն հարցեր առաջադրել, և ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա է ճիշտ ճանապարհը:
Լրագրողը ճշտեց՝ քանի դեռ Հայաստանն է բանակցում, քանի դեռ ԼՂ-ն ի վիճակի չէ բանակցել, ՀՀ-ն այս պահին որևէ փոփոխություն կարո՞ղ է մտցնել օրակարգում:
«Նախկինում էլ հայտարարել եմ, որ մտածելու հարց է ընդհանրապես՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պե՞տք է անդրադարձ լինի ԼՂ-ին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե՞, այնուամենայնիվ, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ, և այս հարցում մենք որոշում չունենք: Եվ սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ դիրքորոշումն արդեն իսկ արտահայտվեց իր պատասխանի առաջին հատվածում: