Վիճակագրության կոմիտեն այսօր հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը, և ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շարունակվում է նոր աշխատատեղերի ստեղծումը, և հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 224 աշխատատեղ»,- նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171 000 նոր աշխատատեղ, և շարունակում են աճել աշխատավարձերը:
«Այս տարվա հունիսին, օրինակ, նախորդ տարվա հունիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 13.7 տոկոսով կամ 34 469 դրամով»,- նշեց վարչապետը:
Աշխատավարձերի բարձրացման գծով, Փաշինյանի համոզմամբ, էական դեր ունի մանկավարժների և զինվորականների շրջանում ընթացող կամավոր ատեստավորման գործընթացը: «Այսօր Հայաստանում 507 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչ այսօր ՀՀ-ում ստանում են ավելի քան 400 000 դրամ ամսական աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում մենք բանակում ունենք շարքային պայմանագրային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 599 000 դրամ աշխատավարձ: Վերը հիշատակված աշխատավարձերը ներառում են հարկերը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա նախկինի համեմատ առավել քան կրկնապատիկի չափով աշխատավարձերի բարձրացում է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2023 թվականի առաջին եռամսյակում հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարել մոտ 50 մլրդ դրամով: 2023 թվականի հուլիսի մեկից բարձրացել են կենսաթոշակները: «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին: Իսկ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգի հաշվառումով թոշակառուների փաստացի նվազագույն եկամուտը գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի շեմը: Սա պատմական ցուցանիշ է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան խոսքով՝ քաջալերող են զարգացումները ՏՏ ոլորտում: «Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 90 տոկոսով, աշխատողների թիվը՝ շուրջ 40 տոկոսով, ընկերությունների թիվը՝ շուրջ 70 տոկոսով»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց. «Կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացմանը և մրցունակությանը նպաստելուն ուղղված բարեփոխումների իրագործումը՝ դա համարելով ՀՀ պետական շահի սպասարկման կարևոր ուղղություններից մեկը»: