Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով, ներառյալ՝ Աղդամը: Այս մասին նշված է ԿԽՄԿ-ի տարածած հայտարարության մեջ։
«Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին՝ վերսկսել իր կարևորագույն մարդասիրական գործողություններն այդ տարածքում»,- նշել են կազմակերպությունից, հիշեցրել՝ տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այդ երթուղիներով իրենց հասցվող մարդասիրական օգնությանը։
Նշվում է, որ քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները և մանկական սնունդը: Իսկ մրգերը, բանջարեղենը և հացը դառնում են ավելի սակավ և թանկ, որոշ այլ սննդամթերքներ էլ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկային մշակաբույսերը, ձուկը և հավը, մատչելի չեն:
Կարմիր խաչից հիշեցրել են, որ կազմակերպությանը վերջին անգամ թույլատրվել է բժշկական նշանակության և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխել մի քանի շաբաթ առաջ:
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ ԿԽՄԿ-ի ավտոշարասյուները փրկօղակ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ «Քանի որ այդ ավտոշարասյուներն արգելափակված են, մենք մտահոգված ենք հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ:
Մենք ամենից շատ անհանգստանում ենք նրանց համար, ովքեր չեն կարող օգնել իրենք իրենց: Հատկապես վտանգված են հիվանդները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, տկարները և երեխաները: Որպեսզի մենք կարողանանք գործել այնտեղ, մեզ պետք է, որ կողմերը հասնեն հումանիտար կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկելու աշխատանք է, և պետք է թույլ տրվի այն շարունակել»,- ասել է Բաուերը։
ԿԽՄԿ-ից նաև պնդել են, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ կողմերը պետք է թույլատրեն և աջակցեն կարիքավոր քաղաքացիական անձանց մարդասիրական օգնության արագ և անարգել առաքմանը, ինչը ներառում է դեղորայք և առաջին անհրաժեշտության արտադրանք։
«ԿԽՄԿ-ի աշխատանքը զուտ մարդասիրական բնույթ է կրում։ Մեզ հուսադրում է այն փաստը, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ԿԽՄԿ-ն կարողացել է Լաչինի միջանցքով տարհանել 24 հիվանդի՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բժշկական օգնության ստացումը: Ընդհանուր առմամբ, 2022 թվականի դեկտեմբերից կազմակերպությունը տարհանել է ավելի քան 600 մարդու, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն։ ԿԽՄԿ-ն շարունակում է իր երկկողմ երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը նման կոնսենսուս գտնելուն պես»,- ասված է Կոմիտեի հայտարարության մեջ: