Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որոնցում նա խոսել էր ԼՂ ինքնորոշման իրավունքի և ինքնավարության մասին: «Եթե ինքնավարության մասին է խոսել Վարդան Օսկանյանը, նշանակում է նույնիսկ ինքը՝ Օսկանյանը, որն աջակցում է այն նախաձեռնությանը, որով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեորեն պատժելի պետք է լինի, ինքը այս փաստով ընդունում է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, որովհետև ինքնավարություն՝ նշանակում է Ադրբեջանի կազմում:
Ավելին ասեմ. ես քննիչ հանձնաժողովում ստիպված եղա հրապարակել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը, որտեղ նախագահողի հայտարարության մեջ ինքնորոշման իրավունքը հենց որպես ինքնավարության իրավունք էր մեկնաբանված ԼՂ համատեքստում: Սրանով հանդերձ, Օսկանյանն ընդունո՞ւմ է, որ իր բանակցային տրամաբանությունը եղել է ԼՂ-ի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, և ինքը չի կարողացել հասնել դրան՝ լինելով փորձառու դիվանագետ»,- նշեց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ Լիասաբոնի գագաթնաժողովում, երբ Հայաստանը վետո է դրել փաստաթղթի վրա, նախագահողը միջազգային հանրության դիրքորոշումն է ներկայացրել, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում, և ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավարություն:
«Ոչ ոք չի խանգարում, որ Ստեփանակերտը երկխոսության գործընթացում իր օրակարգը բարձրացնի և փորձի հասցեագրել, ու նաև դրա պատասխանատվության ու իրավունքի կրողն ինքը լինի: Մենք այս ուղղությամբ ենք աշխատում, Հայաստանն էլ աջակցի՝ ինչով կարող է, ընդհանուր խաղաղության համատեքստում: Բայց մեզ համար առաջնահերթ է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանությունը»,- ասաց նա: