Թուրքիան 2023 թվականին կարողացել է ռեկորդային ծավալների հասցնել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման պայմանագրերի կնքումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «IDEF-23» պաշտպանական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Անցյալ շաբաթ Պարսից ծոցի երկրներ կատարած այցի ժամանակ մենք ստորագրեցինք մեր պատմության մեջ պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման ամենամեծ թվով պայմանագրերը։ Մենք վստահ ենք, որ «IDEF-23» ցուցահանդեսում այդ համաձայնագրերին կավելանան նորերը։ Ինչպես միշտ ասել ենք, մեր նպատակը միայն արտադրանքի վաճառքը չէ։ Այն միտված է երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը և համատեղ նախագծերի զարգացմանը։ Մենք ուրախ ենք առաջարկել մեր գիտելիքները և փորձը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ ի շահ մեր բարեկամների»,- ընդգծել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում ստորագրվել են նաև մի քանի համաձայնագրեր, որոնք ենթադրում են համատեղ նախագծերի իրականացում էներգետիկայի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Մասնավորապես, Թագավորությունը երկու պայմանագիր է կնքել թուրքական Baykar ընկերության հետ, որն արտադրում է Bayraktar անօդաչու թռչող սարքեր: