Եվրամիությունը հրապարակել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների ռեժիմ ստեղծելու մասին որոշումը՝ «Ռուսաստանին և Սիրիային ռազմական մատակարարումների համար»։
Որոշումը ԵՄ 27 երկրների արտգործնախարարներն ընդունել են նախորդ շաբաթ։
«Արգելվում է ուղղակի կամ անուղղակի կերպով վաճառել, մատակարարել, փոխանցել կամ արտահանել ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել Իրանի՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու հնարավորությունների ընդլայնմանը»,- նշվում է փաստաթղթում:
Սա արդեն երրորդ առանձին պատժամիջոցային մեխանիզմն է, որը ԵՄ-ն ստեղծել է Իրանի դեմ։ Առաջինն ուղղված էր Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի դեմ, երկրորդը՝ կապված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մեղադրանքների հետ։
Ավելի վաղ ԵՄ-ն փաստաթուղթ էր հրապարակել Իրանի հինգ քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների՝ սև ցուցակում ընդգրկելու մասին, որ կապված են անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ, որոնք, Եվրամիության գնահատմամբ, Թեհրանը մատակարարում է Մոսկվային: