ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՂՐԻՄԻ ԿԱՄՈՒՐՋԸ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազույցում հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի հարձակումները Ղրիմի, ինչպես նաև Ռուսաստանը և Ղրիմը կապող Կերչի կամրջի վրա: Նրա խոսքով դրանք պաշտոնական թիրախներ են, և այդ մարտավարությունը կնվազեցնի Կիևի դեմ պայքարելու Մոսկվայի կարողությունը:
«Սա նորմալ մարտավարություն է՝ ոչնչացնել հակառակորդի նյութատեխնիկական ուղիները՝ դադարեցնելու ավելի շատ զինամթերք, վառելիք, սնունդ և այլ ռեսուրսներ ստանալու նրա հնարավորությունը: Ուստի մենք կշարունակենք հետևել այս մարտավարությանը»,- ասել է Ռեզնիկովը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը խոստովանել է նաև, որ հակահարձակումը դանդաղ է ընթանում և հետ է մնում ժամանակացույցից։
ԱՄՆ-Ը ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՌԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերով երեկ տեղի ունեցած հարձակման թեմային անդրադարձել են Սպիտակ տնից: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը նշել է, որ Վաշինգտոնը չի աջակցում որևէ հարձակման Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանը հարձակումից հետո հայտարարել էր, որ կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ երկու անօդաչու թռչող սարքեր հարձակում են իրականացնել Մոսկվայում։ Հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական ԱԹՍ-ները ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
ԲՈՐԵԼԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՌԴ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՕԴԵՍԱՅԻ ՎՐԱ
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում դատապարտել է Ռուսաստանի հարձակումը Օդեսայի վրա: Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչնչացնում է ուկրաինական հացահատիկի և նավահանգստային ենթակառուցվածքները ամենօրյա թիրախային հարձակումներով։ «Ռուսաստանի կողմից սննդամթերքի օգտագործումը որպես զենք և Սևծովյան հացահատիկի համաձայնագրի դադարեցումը խնդիր է համաշխարհային պարենային անվտանգության վրա և վտանգում միլիոնավոր մարդկանց»,- գրել է Բորելը։
ՉԺՀ-Ն ԵՎ ՌԴ-Ն ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չինաստանը և Ռուսաստանը ավարտել են օդային և ռազմածովային զորավարժությունները Ճապոնական ծովում, որի նպատակն էր «պաշտպանել» ջրային ուղիների անվտանգությունը. Չինաստանի պետական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել զորավարժություններից: Յուրաքանչյուր երկրից ավելի քան 10 ռազմանավ և 30 ռազմական ինքնաթիռ է մասնակցել քառօրյա «Հյուսիս/Փոխգործակցություն-2023» զորավարժություններին:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Իսրայելցիներն այսօր վաղ առավոտից փակել են Թել Ավիվի գլխավոր պողոտան։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների ուղղությամբ, կան տասնյակ բերման ենթարկվածներ: Երեկ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերն ավելի կատաղի դարձան, երբ օրենսդիրները վավերացրին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ներկայացված դատական փոփոխությունների առաջին փաթեթը: Ցույցերը շարունակվել են նաև ամբողջ գիշեր: Փակ են խոշոր քաղաքների գլխավոր փողոցները, կաթվածահար է երթևեկությունը: Գործադուլ են հայտարարել Իսրայելի 100 խոշորագույն ձեռնարկությունները, ցույցերին միացել են նաև առողջապահության ոլորտի աշխատակիցները: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կվերսկսի երկխոսությունը քաղաքական ընդդիմության հետ դատական բարեփոխումների թեմայով։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Է
Թուրքիայի պաշտպանության նախարար Համար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է։ Զաքիր Հասանովը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերությանմիջազգային ցուցահանդեսին։