ԶԵՆՔՈՎ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Ալիևը հավաստիացրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու միտում չունի: Հայաստանի գործընկերոջն իր երկրում հյուրընկալելիս հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հավելեց՝ Իրանն էլ չի ցանկանում փակել Ադրրբեջան-Նախիջևան հաղորդակցությունը: Երկրի գլխավոր դիվանագետը շեշտեց՝ Իրանը ողջունում է խաղաղության օրակարգով ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները: Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Աբդոլլահիանը հայտարարեց՝ զենքով հարցեր լուծելու ժամանակն անցել է, բանակցություններն են ճանապարհը, ընդ որում` առանց արտաքին ուժերի ներգործության:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան (ԻԻՀ ԱԳ նախարար) - Հարավային Կովկասը չպետք է դառնա դրսի ուժերի մրցակցության հարթակ, նրանց միջամտությունն ավելի է հետաձգելու խաղաղության հաստատումը: Կարծում ենք, որ բանակցություններում պետք է հաշվի առնել երկու կողմերի շահերն էլ: Դժբախտաբար, դրսի որոշ դերակատարներ Հարավային Կովկասի իրավիճակն օգտագործում են իրենց նպատակների համար: Իրանը ողջունում է 3+3 ձևաչափով գործակցությունը տարածաշրջանի երկրների միջև, Թեհրանը ջանք չի խնայելու, որ նաև Հայաստանն ու Ադրբեջանը ներառող այդ ձևաչափը կայանա:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԻՐԶՈՅԱՆ
Քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը, վերահաստատեց Արարատ Միրզոյանը, նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Երևանի համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։
ԱԳ նախարարն ընդգծեց` այսօր ականատես ենք լինում սցենարին, որի մասին Հայաստանը նախազգուշացնում էր յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի մարդասիրական ճգնաժամ է:
Արարատ Միրզոյան - Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, վերահաստատվեց հուլիսի 6-ին։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։
ԲԱՐՁՐ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Նախարար Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Արարատ Միրզոյան - Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ԻՐԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Երկկողմ օրակարգում քաղաքական ու անվտանգային հարցերից զատ, նաև տնտեսական գործակցության հեռանկարներն են քննարկվել: Հոսեյն Ամիր Ադբոլլահիանը հիշեցրեց Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մտադրության մասին, ասաց՝ հաջորդ թիրախը 3 մլրդ-ն է լինելու: Արարատ Միրզոյանը շեշտեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:
Երևանում, որն իր դեպ այս տարվանից Թեհրանի քույր քաղաքն է, բարեկամներին միշտ են սպասում, ասաց Արարատ Միրզոյանը, խոսքը եզրափակեց Իրանի նախագահին Հայաստան հրավիրելու վարչապետի առաջարկը հիշեցնելով:
Հեղինակ՝ Անի Օհանյան