Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է ներկայացրել աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը: Կողմերն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում զարգացումներին, նաև ՄԱԿ-ի և Հայաստանի միջև գործակցության օրակարգին:
Հանրապետության նախագահը հանդիպել է նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին: Քու Դոնգյուն նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԼՂ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանը չափազանց զգայուն է պարենային անվտանգության խնդիրների նկատմամբ. հայտարարել է Խաչատուրյանը Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովի ընթացքում: Նախագահն ահազանգել է՝ Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչությունն 8 ամիս է` առերեսվում է իր հայրենիքում սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի` իրավական առումով պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն։
Նախագահ Խաչատուրյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներ, առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարում. սրանք հումանիտար տեսանկյունից ամենահրատապ խնդիրներն են, ընդգծել է Վահագն Խաչատուրյանը: Նախագահը պատմել է հոսանքազրկումների, գազամատակարարման խաթարման, վառելիքի պակասի, կանգ առած տնտեսության մասին:
Վահագն Խաչատուրյան - Մինչև շրջափակումը, սպառված սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գյուղատնտեսական գործունեությունը շփման գծին հարող մոտ 10,000 հեկտար հողատարածքում, որը կազմում է ընդհանուր մշակվող հողերի զգալի մասը: Այսպիսով, այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սովի ու սովամահության եզրին է։
Նախագահն արձանագրել է, որ ապօրինի շրջափակումը ոտնահարում է նաև հայ բնակչության առողջապահական իրավունքները. հնարավոր չէ անգամ հիվանդին հիվանդանոց տեղափոխել, կա անհրաժեշտ դեղորայքի սուր պակաս, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով բարդանում է նաև բժշկական սարքավորումների կիրառումը:
Վահագն Խաչատուրյան - Այս հումանիտար աղետի առջև մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Բոլոր ազգերը պետք է մերժեն կյանքի և կայունության համար անհրաժեշտ ռեսուրսների բռնազավթումը: Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ: Մեր տարածաշրջանից դուրս իրավիճակն ավելի բարվոք չի թվում, ինչը վկայում է, որ խաղաղության և բարի կամքի ճանապարհը դեռ երկար է։ Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն։
Ներկայացնելով Հայաստանի տեսլականը՝ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձգտումը, նախագահ Խաչատուրյանը շեշտել է.
«Մենք փնտրում ենք գործընկերություն և աջակցություն միջազգային հանրությունից՝ իրականացնելու այդ տեսլականը և նպաստելու բարգավաճ ու խաղաղ աշխարհի ձևավորմանը»:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՆ ԻՏԱԼԻԱ
Նախագահ Խաչատուրյանը Հռոմում` «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում, հանդիպել է նաև Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի հետ: Քննարկման թեմաների շարքում են եղել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող օրակարգային այլ թեմաներ:
Ավելի վաղ նախագահ Խաչատուրյանը եղել է նաև Սուրբ Ղազար կղզում, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Նախագահը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Իտալիա աշխատանքային այցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: