Այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել. եթե Ադրբեջանը չի համարում այդ պայմանավորվածությունը կայացած, պետք է հայտարարի, ես համարում եմ այդ պայմանավորվածությունը կայացած. մենք մեր պայմնավորվածությունների շրջանակում ենք մնում: Անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումից հրաժարվելու հավանականությանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ապա Փաշինյանը նշեց. «Ես ասացի, որ մենք չենք կարող ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշել, և այդ է պատճառը, որ կարծում եմ՝ ԼՂ ժողովրդի ճակատագիրը ինքը՝ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի: Հարցերից մեկում այդպիսի նյուանս եղավ. ըստ էության, եթե շատ բացարձակացնենք խնդիրը, մենք մանդատ ունենք, ես մանդատ ունեմ որոշումներ կայացնելու ՀՀ վերաբերյալ: Սա այն կետն է, որ 2018 թվականից՝ առաջին օրից, ես անընդհատ կրկնում եմ:
Մենք պետք է հարցերի հայելային էֆեկտն անպայման հաշվի առնենք և նկատի ունենանք, որովհետև ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը: Համաձա՞յն է, թե՞ համաձայն չէ. սրա մասին է խոսքը: Եթե որևէ մեկը կարծում է, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ, որ Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչվի, թող ասի՝ ես համաձայն չեմ, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվի: Հիմա, այդ թվում և ոչ ընդդիմությունը, կամ ոմանք՝ ուզելով, ոմանք՝ չուզելով, այնպիսի տպավարություն են ստեղծում, թե ես առավոտից իրիկուն քնում-արթնանում եմ, մտածում եմ՝ ոնց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ: Սա սխալ ընկալում է, որովհետև ես չեմ մտածում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ես մտածում եմ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Եթե որևէ մեկը գտնում է, որ սա չպետք է լինի իմ գործունեության նպատակը որպես ՀՀ վարչապետ, ես դա հերքում եմ»:
Ներկայացնելով տարածքային ամբողջականությունը ճանաչելու գործընթացը` վարչապետն ասաց, «Եկեք այսպիսի ընթացք պատկերացնենք. առաջինը՝ Ալմա Աթայի հռչակագիրը, երկրորդը՝ տարածքի մատնանշումը, հաջորդ քայլը պետք է լինի դելիմիտացիան, որտեղ շատ կարևոր հարցեր և նրբություններ կան. ի՞նչ բազայի վրա պետք է իրականացվի դելիմիտացիան և դեմարկացիան: Բայց այդ պայմանավորվածությունը նշանակում է, որ դելիմիտացիան պետք է իրականացվի այն սկզբունքի հիման վրա, որ Հայաստանի 29 800 քկմ տարածքային ամբողջականությունը չխախտվի: Ես չեմ լսել, որ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հրաժարվում է և չեմ էլ կարծում, թե կա նման դիրքորոշում»,- նշեց վարչապետը: