Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մեկնարկին։
«Այժմ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է։ Իրավիճակը շատ մոտ է ամենաիսկական հումանիտար աղետի։ Եթե չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հումանիտար աղետը, դա բացասական հետևանք կունենա նաև բանակցային գործընթացի վրա»,- հիշեցրել է նախարարը, նշել՝ հայկական կողմը կառուցողական է տրամադրված։
Միրզոյանը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները օրակարգի բոլոր հարցերի շուրջ բավականին ինտենսիվ են։
«Որոշ հարցերում կան արդյունքներ, որոշ հարցերում տեսանելի են որոշ հեռանկարներ, որտեղ կողմերը կարող են գալ փոխհամաձայնության։ Բայց մնում են, իհարկե, խնդրահարույց հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասել է նախարարը։