Անշուշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը՝ ցանկանալով աջակցել այնտեղ ծագած հումանիտար սուր խնդիրների լուծմանը։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելել՝ դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության՝ դա հեշտ չէ անել։
«Պատրաստ ենք առաջ տանել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործումը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։
Կարևոր ենք համարում առաջ շարժվել հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման և հասարակական կառույցների ու փորձագետների միջև երկխոսության հաստատման հարցերը: Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։
Հատուկ շեշտադրում ենք ակնկալում անել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հանգուցալուծումների որոնման վրա։ Մենք ունենք մի շարք նկատառումներ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն»,- ասել է Լավրովը:
Նա նաև հավելել է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը անդձադարձ կլինի երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին։
«Մենք շատ հետաքրքիր համատեղ նախագծեր ունենք տնտեսական և մշակութային ոլորտներում։ Ապրանքաշրջանառության աճը շարունակվում է։ Ամեն տարի Հայաստանում սկսեցին անցկացվել ռուսական մշակույթի օրեր։ Այս տարվա հունիսին հերթական անգամ մեկնարկեցին այդ միջոցառումները։ Սա կարևոր ներդրում է մեր դաշնակցության, մեր քաղաքացիների շահերի ապահովման գործում միասնական հումանիտար և լեզվական տարածքի ամրապնդման համատեղ աշխատանքում»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը։