Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթների շրջանակներում բացահայտվել են անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի կողմից անբարեխիղճ մրցակցության դեպքեր։
«Մասնավորապես պարզ է դարձել, որ տնտեսվարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ և «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումով, 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության արտադրած ապրանքներն իրացրել է «Կայզեր» և «Երևան Սիթի» սուպերմարկետներին՝ որպես «Լոռի» պանիր։ Այնինչ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այդ ապրանքները պարունակում են բուսական յուղ և ԵՏՀ խորհրդի կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «պանիր»:
Միաժամանակ ապրանքների վրա բացակայել է «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված (պատրաստված) պանրի տեխնոլոգիայով» անվանումը և «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվությունը։
Բացի դրանից՝ վերոնշյալ տնտեսվարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության ապրանքը դրել է շրջանառության մեջ և իրացրել «Կայզեր» սուպերմարկետին՝ որպես «Ոսկե Սեր» ընկերության արտադրանք, ինչի հետևանքով վերջինիս վարքագիծն առաջացրել է հասարակության մոլորեցման և շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։
Բացահայտված իրավախախտումների համար անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 2 805 000 ՀՀ դրամի չափով տուգանք»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։