ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը մեր հնարավոր գործիքակազմի մեջ է մտնում, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, նաև կապի մեջ ենք ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամ երկրների հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԼՂ-ի հարցով Հայաստանը չի դիմում միջազգային կառույցին:
«ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա, կարելի է ուղղակի 1 ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ»,- ասաց Փաշինյանը, լրագրողը ճշտեց՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում: Փաշինյանը պարզաբանեց. «Խնդիրն այն է, որ դիմելու արդյունքում որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, և եթե ընդունվի, ի՞նչ որոշում կընդունվի, որովհետև, այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն (այո՛, դուք ճիշտ եք) Արդարադատության միջազգային դատարանը, ըստ էության, իմպլեմենտացիոն մարմին է, բայց նաև չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է, և մանավանդ նման հարցով ԱԽ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,- ասաց նա: