Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրյալներից մեկը՝ ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, կմեկնի երկրից, բայց՝ ժամանակավոր: Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և թույլատրեց Թունյանին օգոստոսի 5-15-ը գտնվել Կիպրոսում՝ հանգստանալու նպատակով: Մինչև այդ դատարանը լսեց գործով անցնող երկու վկաներին, երկուսն էլ նախկին ծառայողներ էին: Վկա Արմեն Մելքոնյանը, որը 2012-17 թվականը ծառայել է ոստիկանության զորքերում, Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի ղեկավարն է եղել:
Արմեն Մելքոնյան (վկա) - Տեղեկացվել եմ, որ նախարարի աղջիկն ա, նշանակվել է օպերատիվ բաժնում ավագ սպայի հաստիքին, Գասպարյան Յուլյա, դեմքով չեմ տեսել, չեմ ճանաչում:
Ասաց՝ մինչև թոշակի գնալը Գասպարյանին ծառայելիս չի էլ տեսել: Վկան հավելեց՝ իրեն շտաբի պետն ասել է, որ այս ամենի մասին տեղյակ է ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:
Արմեն Մելքոնյան - Մնացած գործառույթները չգիտեմ՝ ոնց, ինչ է, երբ է նշանակվել, ոնց:
Յուլյա Գասպարյանը աշխատանքի ընթացքում ծննդաբերության կամ այլ տիպի արձակուրդներից օգտվե՞լ է հարցին վկան պատասխանեց՝ զեկուցագիր չի ստորագրել: Իսկ Գասպարյանի աշխատավարձը, ըստ վկայի, մոտ 220.000 դրամ է եղել: Ըստ գործի նյութերի՝ նախկին ոստիկանապետի դուստրը աշխատանքի չի հաճախել, բայց 2015-18 թվականներին ստացել է 9 միլիոն դրամ:
Մյուս վկա Արա Մխիթարյանի ցուցմունքն էլ վերաբերում էր որպես ռազմական ոստիկան հրամանագրված, բայց, ըստ մեղադրանքի՝ աշխատանքի փոխարեն Սերժ Սարգսյանի եղբայրների համար վարորդ կամ թիկնապահ աշխատած Նելսոն Սարոյանին և Խաչիկ Բադեյանին: Վկան թեև եղել է նրանց հրամանատարը, բայց այդպես էլ նրանց չհիշեց: Հարցին՝ հաստիքներ զբաղեցնող ծառայողներ կայի՞ն, որոնք գործուղված լինեին գործադիր իշխանությունում աշխատանքի, վկան պատասխանեց.
Արա Մխիթարյան (վկա) - Չէ՛, ո՛նց կլիներ տենց բան:
Կարո՞ղ էր լինել զինծառայող, որը հաստիք զբաղեցներ, բայց ծառայության չներկայանար, պարգևատրվեր, վկան պատասխանեց՝ չի հիշում նման բան:
Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ նախաքննության մարմինը հաստատված է համարել, որ Նելսոն Սարոյանն ու Խաչիկ Բադեյանը ծառայության հրամանագրված լինելով՝ ծառայության չեն ներկայացել երբևէ, վկան ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետև իր զբաղեցրած լիազորությունների շրջանակը շատ նեղ է եղել:
Արա Մխիթարյան - Ինձանից հասնում ա բացակա դնելը, ես դրել եմ...
Նախորդ նիստին դատարանը որոշել էր երկու վկայի բերման ենթարկել, սակայն նրանք այս նիստին ևս չէին ներկայացել: Դատարանը որոշեց դիմել ոստիկանության Երևանի վարչության պետին՝ հասկանալու, թե ինչու ոստիկանները չեն կատարել որոշումը:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վատնման եղանակով հափշտակության համար: Լևոն Երանոսյանը մեղադրվում է խոշոր չափի վատնման և պաշտոնեական կեղծիքի, ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը՝ Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու, իսկ զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ Երանոսյանին օժանդակելու համար: Ընդհանուր առմամբ, այս գործով պետությանը պատճառվել է 21.6 մլն դրամի վնաս:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան