ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում սեռափոխության վիրահատությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը փոփոխություն է մտցնում «Քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքում և լրացնում այն նոր հոդվածով, որն արգելում է բժշկական միջամտությունները, ինչպես նաև սեռը փոխելուն ուղղված դեղերի օգտագործումը։
Միևնույն ժամանակ, այս արգելքը չի վերաբերում միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման հետ, ինչպես նաև գենետիկ և էնդոկրին հիվանդություններին, որոնք կապված են երեխաների սեռական օրգանների ձևավորման խախտման հետ: Նման միջամտություններ իրականացնելու մասին որոշումը կկայացնեն առողջապահության նախարարությանը ենթակա բուժհաստատությունների բժշկական հանձնաժողովները:
Ընդունված օրենքը սահմանում է նաև, որ ամուսիններից մեկի սեռի փոփոխությունը հիմք է հանդիսանում նրա կողմից ավելի վաղ կնքված ամուսնությունը դադարեցնելու համար։ Բացի այդ, սեռափոխված անձինք, ըստ փաստաթղթի, չեն կարող լինել երեխաների որդեգրող ծնողներ և խնամակալներ։