Հունաստանի երեք կղզիներից՝ Կորֆուից, Էվբեայից և Հռոդոսից, բնակիչներին և զբոսաշրջիկներին տարհանում են հրդեհների պատճառով, որոնք սկսվել են անոմալ շոգերի ֆոնին, հայտնում է Euronews-ը։
Հուլիսի 24-ի գիշերը Կորֆուից տարհանվել է 2466 մարդ, գործողությանը մասնակցել են մասնավոր ու առափնյա պահպանության նավեր, հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ հրդեհն առանձնատների կամ հյուրանոցների չի վնասել։ Հյուսիսային Կորֆուի քաղաքապետը, լինելով մի քանի վայրերում, որտեղ հանգցնում են հրդեհները, ենթադրել է, որ աղետի պատճառը կարող է լինել հրկիզումը։
Էվբեա կղզում իշխանությունները հարավային չորս համայնքի քաղաքացիներին խորհուրդ են տվել տեղափոխվել Կարիստոս քաղաք, որը գտնվում է հրդեհի գոտուց դեպի արևմուտք։
Kathimerini-ն հայտնում է, որ կիրակի Հունաստանում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել, Պելոպոնեսյան թերակղզու հարավում գտնվող Յիթիոն քաղաքում ջերմաստիճանը հասել է 46,4 աստիճանի: Երկրում մարվում է 82 հրդեհ, որից 64-ը սկսվել են կիրակի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոդոս կղզուց հրդեհների պատճառով մոտ 19 հազար մարդ է տարհանվել: Կառավարությունն այն անվանել է երկրի պատմության մեջ ամենախոշոր նման գործողությունը։ 16 հազար մարդ կղզուց տարվել է օդային ճանապարհով, մնացածը՝ ծովով, այրվել է 3 հյուրանոց: Նախնական տվյալներով՝ հրդեհների հետևանքով մարդիկ չեն տուժել։
Հուլիսի 18-ին հաղորդվել էր, որ Հարավային Եվրոպայի երկրներում միջին ջերմաստիճանի բարձրացման գլխավոր պատճառներից մեկը Սահարայում տեղի ունեցած ջերմային պայթյունն է: Զգուշացվել էր տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում ծայրահեղ շոգի սաստկացման վտանգի մասին: