Երևանի աղբահանության խնդիրը՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության օրակարգում: Արձանագրվեց, որ քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում այն մեղմվել է: «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենը զեկուցեց, որ աշխատել են շուրջօրյա ռեժիմով:
Բագրատ Աղաջանյան («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն) - Աղբահանությունն իրականացնելու ընթացքում աղբամաններում հայտնաբերվել է թափված շինաղբ, ինչն իր հերթին դժվարացրել է աղբահանության աշխատանքները:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծիքով, սակայն, պետք է կենտրոնանալ խնդրի հիմնավոր լուծման վրա։ Ակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ծառայողական քննություն իրականացնել ու պատճառները հիմնարար հասկանալ, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան: Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք:
Խնդրին արձագանքեց նաև քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, հիշեցրեց, որ դեռ 2022-ին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը վերանայվել է՝ մասնագիտացված տեխիկայի սպասարկումն ուժեղացնելու համար. 26 նոր հաստիք է ավելացել՝ գլխավոր ինժեներ, մեխանիկ, սպասարկող դիսպետչեր ու պատասխանատուներ:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Պարո՛ն Ավինյան, կխնդրեի ձեր հանձնարարականը, որ արմատապես վերայանվի այս անձնակազմը, այնտեղ բերվեն մասնագիտական լուրջ հմտություն, կարողություն, փորձ ունեցող մարդիկ, որ տեխնիկային հետևեն ամենօրյա ռեժիմով: Տպավորությունս չեմ թաքցնում՝ այդտեղ կա երեք սերունդների հավաքված մասնագետների խումբ, որոնք որոշ դեպքերում դրսևորել են անպատասխանատու վարքագիծ
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում նաև ավտոբուսներում օդորակիչների խնդիրն է: Փոխքաղաքապետ Ավինյանին զեկուցվեց, որ «Ժոնգթոնգ» ավտոբուսներում քաղաքացիներից լինում են բողոքներ, որ օդն ուղևորների գլխին է փչում, վարորդները չգիտեն՝ պահեն միացվա՞ծ, թե՞ անջատեն: Օրեր առաջ համացանցում գրառումներ էին հայտնվել, որ նոր ավտոբուսներում շոգից մարդ է ուշագնաց եղել:
Տիգրան Ավինյան - Կարծում եմ՝ ինչ-որ լուծումներ կարելի է գտնել հենց ավտոբուսների մեջ՝ օդի ուղղությունը փոխելու հնարավորություն ստեղծելով: Միացրած պահենք, որովհետև 37 աստիճանի դեպքում Երևանում տրանսպորտում դժվար է երթևեկելը: Ես առաջարկում եմ՝ լուծումների ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂՈՒ ՓԼՈՒԶՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Ծիծեռնակաբերդի խճուղու՝ 2022-ի մայիսին փլուզված հատվածն այս տարի ամբողջ ծավալով կվերականգնվի, կկառուցվի նաև երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է հարակից շենքերը: Նախագծի փորձաքննության փուլն է, որից հետո կմեկնարկի շինարարությունը:
Տիգրան Ավինյան - Փորձաքննությունը, իհարկե, պետք է հնարավորինս արագ անցնել, բայց նաև այնպես անցնել, որ չստացվի, որ նմանատիպ փլուզում ևս մեկ անգամ ունենանք: Այսինքն՝ նախագիծը, հուսով եմ, այս անգամ այնպես է կազմակերպված, որ խնդիրը չի կրկնվի:
ՆՈՐ ՇԵՆՔԵՐ՝ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 10 ԵՎ 17 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Վթարային շենքերի հարցն էլ քննարկվեց. Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի փոխարեն նոր շենքեր կկառուցվեն, վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ կտրամադրվեն:
Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ուղարկվել են բնակիչներին պայմանագրերը, մեկը գերակա հանրային շահի կառուցակարգի շրջանակներում գույքի օտարման, երկրորդը՝ քաղաքապետարանի կողմից բնակարաններ տրամադրելու պարտավորությունը ստանձնելու պայմանագիրը:
Ավինյանը կարևորեց մայրաքաղաքում վթարային շենքերի խնդրի լուծումը, շեշտեց, որ յուրաքանչյուր օր նման շենքերի բնակիչները վտանգի տակ են, հավելեց՝ ուշադրության կենտրոնում է պահում Արցախի, Ֆուչիկի, Վարդաշենի փողոցների վթարային շենքերի խնդիրը:
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ 30-40 %-ՈՎ
Այնուհետև քաղաքային իշխանության ներկայացուցիչները նոր կանաչ գոտիների հարցը քննարկեցին. Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է հանգստի գոտի կառուցել, կիրականացվեն նաև անտառտնկման աշխատանքներ: Կենդանաբանական այգու հարցին անդրադարձան. այն կարող է ընդլայնվել 30-40 տոկոսով, էսքիզը պատրաստ կլինի մոտ 1 ամսվա ընթացքում: Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ քննարկել են այգին տեղափոխելու հնարավորությունը ևս:
Տիգրան Ավինյան - Բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան այն հատվածում, որտեղ փաստացի գործում է։ Ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում, որը սկսում ենք անել:
Ըստ Տիգրան Ավինյանի՝ մայրաքաղաքում կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանների մոտ կեսի հեռացման գործընթաց կա:
Հեղինակ՝ Անի Օհանյան