Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածն այս տարի ողջ ծավալով կվերականգնվի: Կկառուցվի նաև երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է հարակից շենքերը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այդ մասին զեկուցվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Նաև տեղեկացվեց, որ արդեն ստորագրվել և թողարկվել է քաղաքապետի համապատասխան որոշում, որը կարգավորելու է փլուզված հատվածում հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները, որի պատճառով էլ ձգձգվում էր շինարարությունը:
Պատրաստ են նաև էսքիզային և նախագծային լուծումները, այս պահից նախագծի փորձաքննության փուլն է, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
«Փորձաքննությունը պետք է հնարավորինս արագ անցնել, բայց նաև այնպես անցնել, որ չստացվի, որ նմանատիպ փլուզում ևս մեկ անգամ ունենանք: Այսինքն՝ նախագիծը, հուսով եմ, այս անգամ այնպես է կազմակերպված, որ խնդիրը չի կրկնվի»,- ասաց Ավինյանը: