Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար՝՝՝ Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Լը Մոնդ» օրաթերթում հրապարկվել է Հայաստանի վարչապետի ծավալուն հոդվածը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հուլիսի 15-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նկատել՝՝՝ հայկական կողմն իր քայլերով է ապացուցել, որ ունի իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել:
Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է զգալի օգուտներ բերել: Վերջին տարիներին Հայաստանը դարձել է կայուն ժողովրդավարական երկիր այս բարդ տարածաշրջանում։ Աշխարհագրորեն մենք խաչմերուկում ենք։ Եթե մեզ հաջողվի առաջընթացի հասնել մեր խաղաղության օրակարգում, կարգավորել հարաբերությունները մեր հարևանների հետ և ստեղծել հուսալի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ, դա կհանգեցնի բարեկեցության աճի, այն կկառուցի կամուրջներ Ասիայի և Եվրոպայի միջև և կնպաստի համաշխարհային առևտրին և միջազգային կայունությանը։
Հայաստանի վարչապետը նկատում է, որ չնայած խաղաղության համաձայնագիրն ուրվագծվում է, այն իրականություն դարձնելու համար դեռ էական խոչընդոտներ կան: Նիկոլ Փաշինյանի խոսքով տասնամյակներ ձգվող այդ խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կլինի միայն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն իսկապես հավատացող գործընկերների ամուր աջակցությամբ: Վարչապետը մատնանշել է նաև խաղաղության հասնելու ամենամեծ խոչընդոտը:
Այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ մասնավորապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք: Այժմ Բաքուն ավելի հեռու է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով, ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը լրջորեն խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են խորացող հումանիտար ճգնաժամի մասին:
Ադրբեջանը ոչ միայն արգելափակում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը, այլև միտումնավոր խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։ Այս գործողություններն ուղեկցվում են աճող ագրեսիվ հռետորաբանությամբ և քարոզչությամբ, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից գյուղացիների թիրախավորմամբ:
Ըստ Հայաստանի վարչապետի ՝Բաքվի նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հնարավորինս դժվարացնել կյանքը և, ի վերջո, ստիպել նրանց լքել իրենց տները։ Դա էթնիկ զտման դասագրքային օրինակ է, և եթե միջազգային հանրությունը չարձագանքի, իրավիճակը կդառնա մարդկության հերթական ձախողումը։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի՝ Սարաևոյի ոճի պաշարումը դադարեցնելու համար: Նիկոլ Փաշինյանը հոդվածում հիշեցնում է, որ Բաքվի կողմից շարունակվող շրջափակումը Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ որոշումների խախտում է: Կառույցի փետրվարի որոշումից անցել է հինգ ամիս, իսկ իրավիճակը ավելի է վատացել՝ ընդգծել է վարչապետը:
Եվրամիությունը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են: Այժմ կառույցը պետք է օգտագործի իր լծակները՝ էներգետիկ իր գործընկերոջ՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու համար՝ առանց հապաղելու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն իրականացնելու համար: Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների մի շարք խորհրդարաններ ընդունել են որոշումներ, որոնք ԵՄ-ին դրդում են հենց այդ քայլին դիմելու:
Ներկայիս ճգնաժամն ընդգծում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար առանցքային նշանակություն ունի: Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերներն այս հարցում հիմնարար դերակատարում ունեն:
«Լը Մոնդի» հոդվածում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝՝՝՝ Ստեփանակերտի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների և Բաքվի միջև պետք է պաշտոնական երկխոսություն լինի։ Վարչապետի կարծիքով՝ գործընթացի արդյունավետության համար պահանջում է միջազգային մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև միջազգային գործընկերներից երաշխիքներ ՝ անվտանգություն և պարտավորությունների կատարման ապահովման համար։ «Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն առանցքային հարց է, որը պետք է լուծվի մեր տարածաշրջանում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով նաև այլ չլուծված խնդիրների:
Ադրբեջանը դեռևս հրաժարվում է ճանաչել միջազգայնորեն ընդունված սահմանները, օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը, չի վերադարձնում ռազմագերիներին, որոնց պարտավորվել է վերադարձնել 2020 թվականին։ Բաքվի իշխանությունները կիրառում են ուժ և ուժի սպառնալիք՝ իրենց ծավալապաշտական նպատակներին հասնելու համար։
Սա չպետք է հանդուրժել. խաղաղ գործընթացի հետևողական տորպեդահարումը չպետք է անհետևանք մնա: Հակառակ դեպքում, Լեռնային Ղարաբաղը շրջափակած ադրբեջանական ուժերը կմտածեն, որ կարող են անպատիժ գործել։
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԵՄ միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը, որն ամրապնդում է տեղում կայունությունը:
Անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան գործակցությանը՝ Փաշինյանը շեշտել է՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական հիմնական նպատակներից է։
Ժողովրդավարական ապագայի հանդեպ անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվարին ժամանակներում: Այսպես կշարունակվի, քանի որ մենք ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Հենց այս պահին նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան կա։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդծել է, Եվրոպայի և գործընկերների աջակցութան անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ Բաքուն կատարի իր հանձնառությունները և իրավական պարտավորությունները: Վարչապետը վստահ է՝՝՝ եթե դա հաջողվի, կայուն խաղաղության համաձայնագրից կշահեն բոլորը: