IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի Իրան կատարած այցին, նշել է.
«Այս այցը երկկողմ հարաբերությունների շրջանակներում է, և Ամիր Աբդոլլահիանի Երևան կատարած այցին պատասխան քայլ է: Իրանի ու Հայաստանի համագործակցության ոլորտները բազմազան են՝ էներգետիկա, տարանցիկ ուղիներ, տնտեսություն, հյուպատոսական կապեր: Կողմերի միջև այսօր լավ երկխոսություն է լինելու:
Երկկողմ տարածաշրջանային համագործակցության առումով էլ Հարավային Կովկասի հարցերն Իրանի համար շատ կարևոր են: Հարևանների միջև հակասությունների խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելը Թեհրանի համար կարևոր է»:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ Քանանին նշել է. «Մենք ողջունում ենք կայուն խաղաղության հասնելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ բանակցությունները: Իրանը ևս պատրաստ է օգտագործելու իր հնարավորությունները Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում»: