ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը 24.07.2023 թ. տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 24-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։
Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մ գ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։