Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն Ադրբեջանի ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի Գեդաբայի շրջանի Սոյուդլու գյուղում բնապահպանական բողոքի ցույցերը ճնշելու և մասնակիցների ձերբակալությունների վերաբերյալ: Հանձնակատարի խոսքով՝ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի և հատուկ տեխնիկայի կիրառումը մարդու իրավունքների լուրջ խախտում էր։ Հաշվի առնելով բողոքի ակցիաների խաղաղ բնույթը՝ Միյատովիչը պահանջել է պարզաբանել խաղաղ ցույցերը ցրելու իրավական հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև պահպանել հասարակական կարգի պաշտպանության ազգային արձանագրությունը։
Հանձնակատարն ընդգծել է, որ բողոքի ակցիաներից հետո Սոյուդլու գյուղ մուտքի սահմանափակումները «լուրջ մտահոգություններ են առաջացնում տեղի բնակիչների մարդու իրավունքների, ներառյալ ազատ տեղաշարժի և գաղտնիության նկատմամբ հարգանքի վերաբերյալ»:
Նա նշում է, որ այդ միջոցները խստորեն սահմանափակել են նաև անկախ լրագրողների, իրավապաշտպանների և իրավաբանների օրինական գործունեությունը։
ԶԵՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՊԵԿԻՆԸ ՄԻՇՏ ԶԳՈՒՇԱՎՈՐ Է. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանն, ի տարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների, Ուկրաինային զենք չի մատակարարում և այդպիսով հակամարտության ընթացքում «կրակի վրա յուղ չի լցնում», հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
Նրա խոսքով՝ զենքի արտահանման հարցում չինական կողմը միշտ զգուշավոր և պատասխանատու դիրքորոշում է ցուցաբերում: Մաո Նինգը պարզաբանել է, որ Պեկինը խստորեն պահպանում է միջազգային իրավունքը և կատարում է իր պարտավորությունները միջազգային հանրության առաջ։
«Մենք միշտ օբյեկտիվ և արդար դիրքորոշում ենք որդեգրել՝ ակտիվորեն նպաստելով խաղաղ գործընթացին և բանակցություններին»,- հայտարարել է դիվանագետը:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1-ԻՆ ՓԱԹԵԹԸ
Իսրայելի խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ երկրորդ և երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել առաջին դատական փոփոխությունների առաջին փաթեթին: Փաստաթղթին աջակցել է 64 պատգամավոր, որոնք ներկայացնում են կառավարող կոալիցիան: Ընդդիմադիր 56 խորհրդարանական բոյկոտել են քվեարկությունը և լքել խորհրդարանի դահլիճը։ Իսրայելական մամուլն ընդգծում է, որ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որին ընդդիմությունը ծայրահեղ աջ կառավարության ճամբարում անվանում էր «բանականության ձայն», նույնպես կողմ է արտահայտվել օրինագծին։ Առաջարկվող դատական փոփոխություններն արդեն մի քանի ամիս է` աննախադեպ բողոքի ցույցերի պատճառ են դարձել: Այսօր վաղ առավոտից Կնեսետի մոտ հավաքվել են դատաիրավական բարեփոխումների շուրջ 20 հազար հակառակորդներ։ Քվեարկությունը սկսելու պահին ձերբակալվել է 19 մարդ։ Գործադուլ են հայտարարել Իսրայելի 100 խոշորագույն ձեռնարկությունները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուին հորդորել էր հետաձգել քվեարկությունը և փորձել ընդունելի համաձայնության գալ ընդդիմության հետ։
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՆԱՎԻ ՎՐԱ ՊԱՅԹՈՒՑԻԿԻ ՀԵՏՔԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Բեռնատար նավի վրա, որը Թուրքիայից Կերչի նեղուցով մեկնում էր Ռուսաստան, պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել, հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից։ Փորձագետները հայտնաբերել են երրորդ կողմի միջամտության նշաններ նավի կառուցվածքային մասերում: Գերատեսչությունը հիշեցրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` ստուգում են Կերչի նեղուցով դեպի Ազովի ծով մեկնող նավերը։ Նշվում է, որ նավը մայիսին եղել է ուկրաինական Օդեսայի շրջանի Կիլիյա նավահանգստում, ապա հուլիսին թուրքական Տուզլա նավահանգստում բեռնատար նավի անձնակազմն ու անունը փոխվել են։ Նավի անձնակազմին հրահանգվել է լքել ՌԴ տարածքային ջրերը։