Երևանի քաղաքապետարանի հուլիսի 24-ի գործակարգավարական նիստին մի շարք թեմաներ են քննարկվել, որոնք ներկայացնում ենք ստորև:
Երևանի քաղաքապետարանի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժինը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 5503 հեռախոսազանգ, որը 146-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ: Կատարողականը կազմել է 100%: Ընդամենը մեկ ամիս առաջ թեժ գծի արդյունավետությունն, ի դեպ, 18% էր:
***
Գետառի վրա այս տարի ջրերի մաքրման կայան կկառուցվի: Մշակվել է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ. կառույցն իր հնարավորություններով բացառիկ է լինելու:
***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: Այն կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր: Հանգստի գոտին նախանշվում է շահագործման հանձնել աշնանը:
***
Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր հանգստի գոտի կառուցել, կիրականացվեն անտառտնկման աշխատանքներ:
***
Երևանի կենդանաբանական այգու տարածքը 30-40%-ով կընդլայնվի. կօգտագործվեն հաշվեկշռում առկա հարակից հատվածները, ինչն էլ հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակների թիվն ու ստեղծել հարմարավետ պայմաններ: