Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել և ճնշել են ուկրաինական 11 ԱԹՍ: Ջանկոյի շրջանում հարված է եղել զինամթերքի պահեստին: Հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Դադարեցվել են երկաթուղային հաղորդակցությունը, Ջանկոյ-Սիմֆերոպոլ ավտոմայրուղով երթևեկությունը: Ակսյոնովի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով մերձակա գյուղերի բնակչությանը ժամանակավոր տեղավորման կենտրոններ տարհանել։ Ըստ նախնական տեղեկատվության՝ տուժածներ չկան։ Առավոտյան ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել նաև Մոսկվայի ոչ բնակելի շենքերը, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
ՄՈՍԿՎԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԱԹՍ-ՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վաղ առավոտյան երկու անօդաչու թռչող սարքեր հարձակում են իրականացնել Մոսկվայում։ Հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական ՍԹՍ-ները ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Հարձակուման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել ոչ բնակելի շենքերի վրա։ Առաջին անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկի պողոտայի մոտ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքից ոչ հեռու, երկրորդ անօդաչու թռչող սարքը հարվածել է Լիխաչյովի պողոտայում կառուցվող բիզնես կենտրոնին։ Կոմսոմոլսկի և Լիխաչյովի պողոտաներով երթևեկությունը արգելափակվել է, այնուհետև վերականգնվել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Նախարարութան պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածն անվանել է միջազգային ահաբեկչություն։
ՕԴԵՍԱՅՈՒՄ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԵԼ Է 50 ՇԵՆՔ
Ուկրաինայի հարավային Օդեսա նավահանգստի վրա ռուսական հարձակման ժամանակ օգտագործվել է տարբեր տիպի 19 հրթիռ՝ առավելագույն ավերածություններ առաջացնելու համար՝ իր գիշերային ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ վնասվել է 50 շենք, որոնցից 25-ը պատմամշակութային հուշարձաններ են. տուժած շինությունների թվում է Հունաստանի հյուպատոսությունը։ Ռուսաստանի հարձակումների հետևանքով վնասվել է նաև ուկրաինական ուղղափառ տաճարը, որն Ուկրաինայի երկրորդ ամենամեծ եկեղեցին է: Ուկրաինայի զինված ուժերի հավաստմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Օդեսա նավահանգստին և այլ ենթակառուցվածքների:
ՌԴ-Ն Ի ՎԻՃԱԿԻ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի» հոդվածում անդրադարձել է հացահատիկի գործարքից դուրս գալու Մոսկվայի որոշմանը՝ նշելով, որ Ռուսաստանն ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը, հատկապես այն դեպքում, որ երկիրն այս տարի ռեկորդային բերք է ակնկալում: Պուտինը պարզաբանել է, որ հացահատիկի գործարքը չէր արդարացնում իր մարդասիրական նպատակը և կորցրել էր իմաստը։ Պայմանագրի մեկ տարվա ընթացքում Ուկրաինայից արտահանվել է 32,8 մլն տոննա բեռ, որից 70%-ը ուղղվել է այն երկրներ, որտեղ բնակչությունը, Ռուսաստանի նախագահի ձևակերպմամբ, բավարար եկամուտ ունի, մինչդեռ ամենաաղքատ երկրներին բաժին է հասել ընդհանուր մատակարարման 3%-ից պակաս բեռ։ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կշարունակի ակտիվորեն աշխատել Աֆրիկա հացահատիկի, սննդի և պարարտանյութերի մատակարարման կազմակերպման ուղղությամբ։
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Իսպանիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ կուսակցությունը չի կարող ինքնուրույն իշխող դաշինք կազմել: Բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ ընդդիմադիր աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով խորհրդարանի 350 մանդատից 136-ը։ Իսպանիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը ստացել է 122 մանդատ։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 70 %։
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՌՈԴՈՍ ԿՂԶՈՒՑ ՄԱՐԴԻԿ ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ
European Union/Copernicus Sentinel-2.
Հազարավոր զբոսաշրջիկներ և բնակիչներ տարհանվել են հունական Հռոդոս կղզուց՝ անտառային հրդեհների պատճառով: Արբանյակային պատկերներում կարմիր գույնով պատկերված են մոլեգնող հրդեհների տարածքները՝ կղզու մեծ հատվածը կարմիր գույնի է: Տարհանվել է արդեն ավելի քան 30 հազար մարդ, հրդեհները լեռնային շրջաններից հասել են հյուրանոցային համալիրներին ու բնակելի շենքերին: Կղզու օդանավակայանում հերթեր են գոյացել, զբոսաշրջիկների մի մասը գիշերում է տարածքում, մի զգալի հատվածին էլ տեղի իշխանությունները տեղավորել են դպրոցների, առևտրի կենտրոնների տարածքներում: Հունաստանի աբողջ տարածքում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը:
ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ
Իրանի ռազմաօդային ուժերը խոշոր զորավարժություններ են սկսել: Զորավարժություններին կներգրավվեն նաև անօդաչու ինքնաթիռներ: Նախատեսվում է մոդելավորել իրական մարտական սցենարներ՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: Զորավարժությունների ընթացքում 92 ինքնաթիռից բաղկացած ուժերը կիրականացնեն մի շարք օդային գործողություններ՝ ներառյալ հետախուզական առաքելություններ, նպատակային օդային և ցամաքային ուժի ոչնչացման զորավարժություններ: