Կիրակի Իսպանիայում անցկացված խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթում են աջ ուժերը՝ ընդդիմադիր աջ «Ժողովրդական կուսակցությունն» ու ծայրահեղ աջ «Ձայնը»:
Քվեաթերթիկների ավելի քան 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ «Ժողովրդական կուսակցությունը» ստանում է 136 մանդատ (47-ով ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանում), իսկ «Ձայնը»՝ 33 մանդատ (նախկինից 19-ով պակաս)։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական կուսակցությունը ստանում է 122 մանդատ։ Ձախ կոալիցիոն «Սումարը» կարող է ակնկալել 31 մանդատ։
Խորհրդարանում մեծամասնության համար անհրաժեշտ է 176 մանդատ։ Այսպիսով, առանց մյուս կուսակցությունների ներգրավման աջերը չեն կարող խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Այնուամենայնիվ, ըստ ABC թերթի, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Ֆեյխոն կփորձի ստանալ կառավարություն ձևավորելու մանդատը:
Թերթը նաև չի բացառել տարբերակը, որի դեպքում այժմ իշխանության ղեկին գտնվող ձախերը նորից կառավարություն կձևավորեն՝ դաշինք կազմելով գաղափարախոսությամբ իրենցից տարբերվող մի շարք կուսակցությունների հետ։ Իսպանական լրատվամիջոցները դաշինքի այս տեսակն անվանում են «Ֆրանկենշտեյնի կառավարություն»։
Նոր խորհրդարանը գումարվելու է օգոստոսին։ Եթե երկու ամսվա ընթացքում ոչ ոք չկարողանա իշխող դաշինք կազմել, Իսպանիայում կանցկացվի կրկնակի ընտրություն։