Իսրայելի խորհրդարանը քվեարկության վերջին փուլում ընդունել է դատաիրավական բարեփոխումը, որը պառակտել է երկիրը և, ըստ նախագահ Իցհակ Հերցոգի, գցել արտակարգ դրության մեջ, հայտնում է BBC-ն։
Օրինագծին կողմ են քվեարկել կառավարական կոալիցիայի կուսակցությունները ներկայացնող և Կնեսետում մեծամասնություն կազմող բոլոր 64 պատգամավորները։
Իսրայելական մամուլն ընդգծում է, որ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որին ընդդիմությունն ծայրահեղ աջ կառավարության ճամբարում անվանում էր «բանականության ձայն», նույնպես կողմ է արտահայտվել օրինագծին։
Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը։
Վաղ առավոտից Կնեսետի մոտ հավաքվել են դատաիրավական բարեփոխումների շուրջ 20 հազար հակառակորդներ։ Քվեարկությունը սկսելու պահին ձերբակալվել է 19 մարդ։ Գործադուլ են հայտարարել Իսրայելի 100 խոշորագույն ձեռնարկությունները:
Նախագահ Հերցոգը, որն ամբողջ գիշեր անցկացրել է իշխող կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններում, հայտարարել է, որ Իսրայելը գտնվում է արտակարգ դրության մեջ։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որն ընդամենը մեկ օր առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել, ըստ որոշ տեղեկությունների, խորհրդարան էր եկել սրտախթանիչ սարքով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել էր Նեթանյահուին հետաձգել քվեարկությունը և փորձել ընդունելի համաձայնության գալ ընդդիմության հետ։
Իսրայելցի փորձագետներից շատերը կարծում են, որ դատական բարեփոխումները, որոնք, ըստ էության, նշանակում են իշխանության ամբողջական կենտրոնացում կառավարության ձեռքին, կբարդացնեն Իսրայելի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ և կվախեցնեն միջազգային ներդրողներին: