Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովներին նախկին պաշտոնյաների չներկայանալը կքրեականացվի: Օրենքի շրջանառվող նախագիծը հեղինակել են խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ մի խումբ պատգամավորներ: Համահեղինակ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրավասու տարբեր նախկին պաշտոնյաներ հրաժարվել են մասնակցել քառօրյա և 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների նիստերին:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Տիրան Խաչատրյանը՝ ԳՇ պետի տեղակալ, չէր ներկայացել, թեև վերջում հրապարակում ունի, որ ծանուցագիրը չի ստացել, պատշաճ ծանուցված չի եղել, բայց մինչ այդ էլ ասում էր, որ ցանկություն չունի ներկայանալու: Մովսես Հակոբյանը չի ներկայացել, Վարդան Օսկանյանը, կարծեմ, հայտարարություն արեց, որ ցանկություն չունի ներկայանալու և այլն:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում և եվրոպական 11 երկրում քննիչ հանձնաժողովների նիստերին չներկայանալը համարվում է արհամարհանք օրենսդիր մարմնի նկատմամբ, և հրավերը մերժելը կարող է հանգեցնել տուգանքի կամ ազատազրկման: Հայաստանի խորհրդարանականներն առաջարկում են պատասխանատվություն սահմանել նաև հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություն չտրամադրելու համար:
Արմեն Խաչատրյան - Սանկցիայի նվազագույն սահմանը սկսվում է 20 հազար դրամից, ավարտվում մինչև 2 տարի ազատազրկմամբ:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին, գործունեության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է, լրանում է նոյեմբերին: Այս ընթացքում հանձնաժողովի նիստերին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու այլ պաշտոնյաներ: Հանձնաժողովի անդամներն արդեն որոշել են, թե ովքեր են լինելու հաջորդ հրավիրյալները:
Արմեն Խաչատրյան - Արցախի նախագահին կհրավիրենք, հնարավոր է, որ օնլայն տարբերակով քննարկումը կամ հարցաքննությունը տեղի ունենա, կհրավիրենք նախկին պաշտպանության նախարարին, և դատական կարգով համաձայնությունը, որքան գիտեմ, արդեն կա, և Դավիթ Տոնոյանը կներկայանա քննիչ հանձնաժողով և իրեն հայտնի տեղեկությունները կտրամադրի, և ևս պաշտոնյաներ անպայման կհրավիրվեն, նաև Ջալալ Հարությունյանին մենք նպատակ ունենք հրավիրելու, որովհետև ՊԲ հրամանատարն է եղել և միանշանակ անհրաժեշտություն կա, որ հրավիրվի:
Պատգամավորը վստահեցնում է՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո ստացված տեղեկությունը կամփոփվի և կներկայացվի հանրությանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան