Հայաստանի առաջին քաղաքում մոտ երկու ամսից տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է սպասվում: Երևանցիները կընտրեն ավագանու կազմը, հաղթող ուժը կառաջադրի իր քաղաքապետին: Այս շաբաթ ՏԻՄ ընտրության շուրջ առաջին խոշոր սկանդալը եղավ:
Փաստերի ստուգման հարթակի հրապարակման համաձայն՝ ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում իր թեկնածու Տիգրան Ավինյանի համար: Այդ գործընթացը, ըստ հոդվածի, համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը: Պապոյանը մեղադրանքը հերքեց՝ նշելով որ լրատվամիջոցը չի ներկայացրել վարչական ռեսուրսի կիրառման թեկուզ մեկ փաստ: Պապոյանի հավաստմամբ՝ կուսակցության տարբեր համայնքների անդամները մասնակցում են և մասնակցելու են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին բացառապես քաղաքական գործունեության շրջանակում: Ավելին՝ Գևորգ Պապոյանը հայտարարեց՝ արատավորվել է կուսակցության և իր բարի համբավը՝ դիմելու են դատարան:
Իսկ առաջիկա ընտրությանը մասնակցելու մտադրությամբ և Հանրայինին հարցազրույց տալու կաշկանդվածություն չունեցող ուժերի հետ զրուցել է Անի Օհանյանը: