Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը շարունակվում է: Լիակատար շրջափակմամբ, Բաքուն փորձում է սեղմել օղակն արցախահայության շուրջ, որ ԼՂ հայաթափման պլանը հնարավորինս շուտ իրագործի:
Հայաստանի վարչապետի գնահատմամբ, սա ցեղասպանության մեկնարկ է, Հայաստանի անելիքը Նիկոլ Փաշինյանը տեսնում է միջազգային հանրության երաշխավորմամբ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակ ստեղծելու մեջ: ԼՂ-ի օրենսդիր իշխանությունը հարցի լուծման բանալի է համարում խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար Հայաստանի դիմումները ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և Գլխավոր ասամբլեա։ Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրներին էլ կոչ է անում ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ: ԼՂ նախագահը՝ բնակչության նստացույցին միանալով է փորձում միջազգային հանրության ուշադրությունը սևեռել խնդրի վրա, առաջիկայում հարցի լուծում չգտնելու դեպքում խոսում ծայրահեղ միջոցների դիմելու մասին՝ առանց հստակեցումների:
Շրջափակում, հումանիտար ճգնաժամ բառերի հետևում մարդկային ճակատագրեր են, հայեր, որոնք սովից ու սննդի համար ժամեր ձգվող հերթերի պատճառով ուշաթափվում են, հղիներ, որոնք թերսնումից անդառնալի վնաս են հասցնում իրենց առողջությանը, տարեցներ, որոնք ստիպված են հաշտվել իրենց հիվանդությունների ու ցավերի հետ, որովհետև Ադրբեջանն արգելու է անգամ դեղորայքի մուտքը երկիր ու երեխաներ, որոնք մեծանում են հոգեբանական ու ֆիզիկական տեռորի պայմաններում:
ԼՂ-ն հումանիտար աղետին մոտեցրած ևս մեկ շաբաթվա մասին Իրինա Մկրտչյանն է պատմում: