«Տիտոգրադյան, Թբիլիսյան, Վահե Վահյան, Կուստո... Երևանում ավելի քան 160 փողոց ունի անվանում՝ ներառյալ 15-ից ավելի այլազգի գործիչների, 10-ից ավելի այլ երկրների քաղաքների, մոտավորապես 5-ն էլ այլ երկրների կամ ազգությունների անունով: 1990 թվականից սկսած՝ Երևանում վերանվանվել կամ անվնակոչվել է 70-ից ավելի փողոց»:
Փողոցների անվանափոխման հարցը պարբերաբար բարձրանում է, արժանանում լայն քննարկումների: Հունիսի 27-ին ավագանու նիստում հավանության արժանացավ Խորհրդային Հայաստանի կուսակցական գործիչ, հրապարակախոս Սարգիս Կասյանի փողոցի անվանափոխման հարցը: Այն այսուհետև կկրի Հայ առաքելական եկեղեցու 130-րդ կաթողիկոս, Հայաստանի ազգային հերոս Վազգեն առաջինի անունը: «Լուրերը» երևանցիներից փորձեց ճշտել՝ ինչպես են վերաբերվում փոփոխությանը, և ճանաչո՞ւմ են արդյոք նրանց՝ ում անունով էր փողոցը նախկինում և հիմա:
Վազգեն առաջինի անվան փողոցի գաղափարը պատմաբան Միքայել Մարտիրոսյանը ողջունում է, բայց վայրի ընտրությունը հաջող չի համարում:
Միքայել Մարտիրոսյան (պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ) - «Իհարկե, Վազգեն Վեհափառը ծանրակշիռ ներդրում ունի հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու, դավանաբանության, մարդասիրության, հումանիզմի բնագավառներում, շատ սիրելի անձնավորություն է, բայց էդ Կասյան փողոցն ընդամենը երկու բազմաբնակարան շենքեր են, կարճլիկ այնքան, ինչքան Սարգիս Կասյանի կառավարության տևողությունը, թեև նա էլ խորհրդային հանրապետության առաջին կառավարության ղեկավարն է եղել. լավ, թե վատ՝ այլ խնդիր է: Իմ պատկերացմամբ՝ Վազգեն Վեհափառի անունը կրող փողոցը պետք է լիներ ավելի երկար և ընդարձակ ու պետք է ավարտվեր եկեղեցով»:
Պատմաբանի կարծիքով՝ արվեստի ու այլ ոլորտներում հռչակ ունեցող այլազգի մարդկանց կամ օտարերկրյա քաղաքների անուններով փողոցներ ունենալն էլ է ընդունելի. հասարակությունը պետք է բաց լինի նորի և ուրիշների մշակույթը ընդունելու համար: Մարտիրոսյանի մտահոգությունն է, որ Երևանում չկան մեր մայրաքաղաքների անվանումներով փողոցներ:
Ոչ միայն վերանվանվում, այլև անվանակոչվում են նախկինում միայն համարակալված փողոցները, որոնք շատ են Արաբկիրում, Շենգավիթում և այլ վարչական շրջաններում: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը կարևոր է համարում մշակութային գործիչներին ճանաչելի դարձնելու գաղափարը, հատկապես՝ կին գործիչներին:
Նուարդ Վարդանյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Մասնավորապես, կին գրող, նկարիչ, քանդակագործ կանաց պատվին անվանակոչություններն էին, որովհետև այս քաղաքում ապրելով՝ տպավորություն է, թե մենք կին հերոսներ չենք ունեցել, այնինչ մենք շատ ու շատ արժանի գործիչների ենք ունեցել: Փոքր տարիքի աղջիկների համար դա կարող է կյանքի ստիմուլ հանդիսանալ, շատ ողջունելի է և շատ կարևոր:
Ավագանու անդամի պնդմամբ՝ ծրագիրը հավելյալ ծախս չի պահանջում, ցուցանակները պարբերաբար փոխվում են՝ անկախ փողոցների անվանակոչումից կամ անվանափոխումից: Երևանում կան փողոցներ, օրինակ՝ Ամիրյանը, որը հայտնի է գրեթե բոլորին, բայց որ այն կրում է հեղափոխական բոլշևիկ, Բաքվի 26 կոմիսարներից Արսեն Ամիրյանի անունը՝ քչերը գիտեն: Ինչպես ճանաչելի դարձնել այն անունները, որոնք կրում են երևանյան փողոցները:
Նուարդ Վարդանյան - այժմ գործադիրի հետ քննարկվում է, թե ինչպես են լինելու մեր ցուցանակները, և այդ ցուցանակները, ըստ երևույթին, քյու-ար կոդ կունենան, այն մարդկանց, ում պատվին, որ անվանակոչված է փողոցը, և էդ քյու-ար կոդով ոչ միայն այդտեղ բնակվող երևանցիները, այլև տուրիստները կկարողանան ծանոթանալ էդ մարդկանց կենսագրությանը:
Իսկ խնդիրների չե՞ն հանդիպի Կասյանի ու այն փողոցների նախկին բնակիչները, որոնք արդեն նոր հասցեներում են ապրում: Ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» տեղեկացրին՝ հասցեի փոփոխությունը կկատարվի անձնագրի ժամկետի լրանալուց հետո կամ ելքի արտոնագիր ստանալու ժամանակ: Հավաստիացրին՝ քաղաքացին լրացուցիչ անհարմարություններ չի զգա: Ավագանու անդամի համոզմամբ ևս փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ չեն լինի:
Նուարդ Վարդանյան - Քանի որ մոտակա ժամանակներում մենք ունենք ընտրություններ, ԿԸՀ քաղաքապետարանից ուղարկվելու է անվանակոչված կամ անվանափոխված փողոցների ցուցակը, որ խնդիր չառաջանա:
Փողոցների անվանակոչման կամ անվանափոխման մշակույթը ոչ միայն Հայաստանում է տարածված, այլև ամբողջ աշխարհում: Եվրոպական երկրներում, օրինակ, այս պահի անվանափոխությունները հիմնականում նվիրված են լինում Ուկրաինային:
Հեղինակ՝ Սիմոն Հովհաննիսյան