Պետությունը կաջակցի պարտատոմսեր թողարկող և վարկանիշավորվող ընկերություններին: Կառավարության հուլիսի 6-ի որոշմամբ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար մինչև 30 միլիոն դրամ աջակցություն կարող են ստանալ: Բացի այդ, օժանդակություն է սահմանված նաև առաջին երեք տարիների ընթացքում պարտատոմսերը շրջանառելու համար` տարեկան մինչև 45 միլիոն դրամի չափով: Կփոխհատուցվի նաև բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ը, սակայն ոչ ավելի, քան 50 միլիոն դրամ։ Այս աջակցություններից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ:
Կարեն Զաքարյան («Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Այսինքն` էն բիզնեսները, որոնք սովոր չեն բաց հրապարակային դաշտում աշխատելու, հրապարակային շուկայից միջոցներ ներգրավելու և սովոր են գնալ ուղղակի իրենց բանկի մոտ ու գրավ դնել, փոխառություններ վերցնել, վարկ վերցնել և այլն, այս խթանով պետությունը ցանկանում է մշակութային փոփոխություն կատարել, որպեսզի սովորեն հրապարակային դաշտում ավելի շատ աշխատել:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի խոսքով` այս աջակցությունը ոչ միայն կօգնի, որ փոքր թողարկողներն ակտիվանան, այլև կնպաստի դաշտում նոր խաղացողների ավելացմանը:
Հայկ Եգանյան (Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն) - Թողարկման ծախսերը հիմնականում ֆիքսված են` իրավաբանական ծառայության ծախս, տեղաբաշխման ծախս և այլն, դրանք ֆիքսված ծախսեր են, հիմա մի բան է` 100 հազար դոլարը 10 մլն-ի մեջ, որը կազմում է արդեն 1 տոկոս` մի տոկոս կթանկացնի ներգրավման փողը, մի բան է 100 մլն-ի մեջ, որի մեջ 0.1 տոկոս է, 100 մլն-անոց թողարկողի համար դա էական ազդեցություն չի ունենում, բայց 10 կամ 5 մլն-անոց թողարկողի համար դա շատ դրական ազդեցություն կունենա:
Այս փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա նաև բիզնեսների ֆինանսական անկախության և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման առումով. վստահեցնում է Կարեն Զաքարյանը:
Կարեն Զաքարյան - Մենք բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի իրենք տեղեկացված լինեն այս ծրագրի մասին, և ամեն ինչով կաջակցենք, որպեսզի բիզնեսն էդ քայլը կատարի դեպի բաց շուկա, որից հետո իրենք կհասկանան, թե ինչպիսի մեծ հնարավորություններ է բացում հրապարակային շուկայում գտնվելն ընկերությունների համար:
Ծրագրով նախատեսվում է նաև, որ շահառու ընկերությունը կարող է 50 տոկոս փոխհատուցում ստանալ՝ «Ֆիթչ», «Ստանդարտ ընդ փուրս», «Մուդիս» կամ «Սքոփ Ռեյթինգզ» վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի համար։
Հայկ Եգանյան - Էլ ավելի կարևոր է վարկանշել ընկերություններին, որպեսզի նրանք ընկալելի ներդրումային լինեն արտասահմանյան գործընկերների համար, որովհետև նրանք հիմնականում նայում են վարկանիշին:
Կառավարության ընդունած որոշմանն անդրադարձել է նաև Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը՝ ողջունելով այս քայլը: Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Վարշավայի Ֆոնդային բորսային:
Մարեկ Դիետլ (Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ) - Բարեկամական կարգավորումը լավ մթնոլորտ է ստեղծում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ Այն օրինակ է ծառայում այլ շուկաների համար՝ ցույց տալով, որ նույնիսկ համեմատաբար փոքր կապիտալի շուկաները կարող են շատ մրցունակ լինել, եթե ապահովված են լավ կանոնակարգերով: Այս ծրագրի հաջողության համար բոլոր շահագրգիռ կողմերի դրական աջակցությունը միայն հաստատում է, որ մեր փորձը և միջոցները Հայաստանում ներդնելու որոշումը ճիշտ էր:
Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով՝ բոլոր միջոցառումները 3 տարի իրականացնելու համար անհրաժեշտ է ավելի քան 10.6 միլիարդ դրամ։ Ակնկալվում է, որ այդ ընթացքում՝ 97.5 մլրդ-ի նոր կորպորատիվ պարտատոմսեր և բաժնետոմսեր կթողարկվեն, և կավելանան միջազգային վարկանիշ ստացած ընկերությունները:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան