ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Թուրքիան կնպաստի բոլոր մասնակիցների վերադարձին հացահատիկային գործարքին, հիշեցնեմ՝ դրա դադարեցման մասին օրեր առաջ Ռուսաստանն էր հայտարարել։ Ամերիկյան Ասպեն հանգստավայրում ընթացող անվտանգության հարցերով համաժողովում Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ամեն դեպքում իրենք դաշնակիցների հետ ուկրաինական հացահատիկի արտահանման այլ հնարավորություններ ևս ուսումնասիրում են։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՄԲՈՂՋ ՂՐԻՄԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը սպասում են հեռահար սպառազինության նոր խմբաքանակի տրամադրման՝ հակահարձակման ընթացքում ձեռք բերված հաջողությունները պահպանելու և գործողությունները շարունակելու համար: Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաշխատի այդ ուղղությամբ և կլուծի խնդիրը՝ իր պաշտպանական աջակցությամբ։ Զելենսկին մանրամասնել է, որ ներկա պահին Ռուսաստանը երկնքում առավելություն, իսկ Կիևը ժամանակակից ռազմական ինքնաթիռների պակաս ունի։ Նա նշել է, որ Ուկրաինայի նպատակն է վերադարձնել ամբողջ Ղրիմը, քանի որ դա իր երկրի ինքնիշխան տարածքն է, իսկ Ղրիմի կամուրջը պարզապես նյութատեխնիկական ճանապարհ չէ, Վոլոդիմիր Զելենսկու համոզմամբ, կամուրջն օգտագործվում է ռուսական ԶՈՒ-ին զինամթերքով ապահովելու համար:
ՀԵՌԱՀԱՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՍԱԼԻՎԱՆ
Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող հեռահար հրթիռների թեմային անդրադարձել են Սպիտակ տնից: Ասպենի անվտանգության ֆորումում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել: Այնուամենայնիվ, Սալիվանը նշել է, որ թեմայի շուրջ Ջո Բայդենի և Վոլոդիմիր Զելենսկու շփումներն ու քննարկումները շարունակվում են: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, պատասխանելով F16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման ժամանակացույցի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ պարապմունքները կսկսվեն մի քանի շաբաթից:
ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Հացահատիկային գործարքից Ռուսատստանի դուրս գալու թեմային անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարը՝ վենեսուելացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Հաքան Ֆիդանը նշել է, որ հացահատիկի գործարքին այլընտրանք ստեղծելն՝ առանց Ռուսաստանի մասնակցության, պոտենցիալ ռիսկեր է պարունակում անվտանգության համար. թե՛ ՄԱԿ-ը, թե՛ Թուրքիան համաձայնության են եկել այդ հարցում: Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է,որ Անկարան Մոսկվայից ստացել է գործարքից դուրս գալու պատճառների մասին հստակ պարզաբանումներ: Ռուսատստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն աշխատում է հացահատիկի արտահանման նոր ուղիների մշակման համար:
ՂՈՒՐԱՆԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԻ ՊՂԾՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարևորել է այդ երկրում Ղուրանն անարգողներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը:
Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ ցանկացած վայրում և ցանկացած անձի կողմից Ղուրանի և մյուս կրոնների սուրբ գրքերի պղծումը դատապարտելի է, Ամիր Աբդոլլահյանը հավելել է, խոսքի ազատության պատրվակով այդ գործողությունների կրկնությունն անընդունելի է։ Նա նշել է, որ շվեդական ոստիկանությունը թույլ է տվել խոսքի ազատության պատրվակով բացահայտորեն վիրավորել աշխարհի բոլոր մուսուլմանների խղճի, կարծիքի և համոզմունքների կենտրոնը համարվող Ղուրանը: Աբդոլլահյանն հայտարարել է, որ հանցավորները պետք է ձերբակալվեն և դատարանի առաջ կանգնեն, հակառակ դեպքում Շվեդիան պետք է սպասի իսլամական երկրների վճռական որոշումներին: